Search

ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները



ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցեց հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու եւ փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

Աշոտ Հովակիմյանն անդրադարձ կատարեց նաեւ Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը` կարեւորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը եւ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ փոխնախարարն առանձնազրույց ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ Նանսենի անվան ավանդական մրցանակաբաշխությունը, որն այս տարի շնորհվեց Հունաստանի Լեզբոս կղզում գործող Հունաստանի փրկարար ծառայությանը եւ փախստականների համար կղզում օթեւան հիմնած հասարակական կազմակերպությանը՝ փախստականներին կամավոր սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia