Search

«Կույս կանանց միավորումը» խստագույնս խոյահարում է Ամիրյանի նման մոտեցումը



Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերում հիթ է դարձել ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի պատասխանը լրագրողական այն հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար: Ա. Ամիրյանը մասնավորապես նշել էր. «Գնեցի մի փունջ վարդեր եւ եկա տուն: Զանգը տվեցի` կինս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի`սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի` հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին եւ այն ծառայությանը, որին կոչված եմ»:

Նորանշանակ նախարարի խոսքն արժանացավ բազմաթիվ մեկնաբանությունների և դարձավ ֆեյսբուքյան հիթ: Ամիրյանի մեկնաբանությանն անդրադարձել է նաև «Կույս կանանց միավորում» կազմակերպությունը: Ֆեյսբուքյան էջում մասնավորավես ասվում է.

«Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը բացահայտ պարծեցել է, որ դռան զանգը տվել է եւ առանց ավելորդ սեթեւեթանքի սեփական կնոջ երեսին ասել, որ իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է ուրիշի հետ։ Նման ցինիզմ շատերի կողմից կարելի էր սպասել, բայց որ նախարար դառնալն այդքան շուտ կփչացնի նաեւ Արմեն Ամիրյանին, թերեւս քչերն էին կանխազգում։

Կնոջը որպես ժամանակ հատկացնելու օբյեկտի, սեքսիզմի և սեռականության լուսային ազդեցությամբ դիտարկելը հարիր չէ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ «Կույս կանանց միավորումը» եւ անձամբ Արշալույս Ենոքյանը խստագույնս խոյահարում է նման մոտեցումը։ Ամենեւին զարմանալի չէ, որ կինն Արմեն Ամիրյանին չի վստահում տան բանալին, եւ վերջինս ստիպված է եղել զանգը տալ։ Հիացմունքի է արժանի տիկինը, որն այդքանից հետո չի խորշել բացել դուռը։ Մեծահոգության եւ լայնախոհության վառ օրինակ, ինչից նախարարը սովորելու շատ բան ունի»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia