Search

Նալբանդյանը Բերքլիի համալսարանում ներկայացրել է ապրիլյան պատերազմի մանրամասները



Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ ամերիկյան հեղինակավոր Բերքլիի համալսարանում։

Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ։ Այս հարձակումն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով։ Բաքվի այս արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը», - նշեց Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Այդ նպատակով հարկավոր է հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնումը, ինչը մենք տեսնում ենք ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմանների ստեղծման մեջ: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Պատասխանելով ներկաների հարցերին` Հայաստանի ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ սիրիական ճգնաժամին, սիրիահայության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին, Միացյալ Նահանգներ իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia