Search

Նախագահն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում և սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար:

Ընդգծելով, որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնարկությունը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում՝ այդպիսով դառնալով հայաստանակենտրոն կառույց, Սերժ Սարգսյանը դա կարևոր որոշում է համարել: Նախագահի համոզմամբ, սերտ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների հետ, հիմնարկությանը թույլ է տալիս տեղում հստակեցնելու օժանդակության առաջնահերթությունները, ճշգրիտ գնահատելու կարիքները, այն դարձնելու ավելի հասցեական և գտնելու աջակցություն ցուցաբերելու ամենաարդյունավետ ուղին:

Հանրապետության Նախագահն առանձնակի կարևորել է սիրիահայ մեր հայրենակիցներին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սերժ Սարգսյանը մաղթել է հաստատությանը անխաթար գործունեություն նրա ազգանվեր առաքելության իրականացման ճանապարհին՝ ակնկալիքով, որ հիմնարկությունը հինգ տարի անց մեծ շուքով տոնի իր հարյուրամյակը և երկրորդ հարյուրամյակում ունենա է՛լ ավելի մեծ ձեռքբերումներ: Մայքլ Հարաթունյանն իր և հիմնարկության բոլոր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության, գնահատանքի ու բարեմաղթանքների համար: Համառոտ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից հետո հիմնված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության անցած 95 տարիների գործունեությունը՝ հաստատության նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են նույն եռանդով և պատվախնդրությամբ աշխատել, մեծացնելով ջանքերը, հատկապես Հայաստանում և Արցախում՝ ի նպաստ հայոց երկու պետությունների և հայ ժողովրդի բարեկեցության ու հզորացման գործի:

Նախագահ Սերժ Սարգսյանը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության նախագահ, բարերար Մայքլ Հարաթունյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը պետական բարձր պարգև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև հանդիպմանը մասնակցող բարերար Գևորգ (Ջորջ) Բաղումյանին, որով նա պարգևատրվել էր ավելի վաղ՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:


Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Գնել Սանոսյանն ազատվել է պաշտոնից

Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում. Տիգրան Աբրահամյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png