Search

Հայաստանը գովազդվում է որպես արտերկրում ուսանելու նպատակակետ ամերիկացի ուսանողների համար



Արտերկրում ուսանելու ցանկություն ունեցող ամերիկացի ուսանողներին Հայաստանը շատ բան ունի առաջարկելու. երեքշաբթի օրը հենց այս մասին էին խոսում Ամերիկյան խորհուրդների կազմակերպած երկօրյա աշխատաժողովի մասնակիցները: ԱՄՆ պետքարտուղարության վերջերս ստեղծված «Ուսանիր արտերկրում» գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում կազմակերպված այս աշխատաժողովի ընթացքում զեկուցողները՝ Ամերիկյան խորհուրդներից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, շեշտադրեցին, որ Հայաստանն ունի ավելի շատ թվով ամերիկացի ուսանողներ ներգրավելու ներուժ և Հայաստանի բուհերի ներկայացուցիչների հետ քննության առան վերջիններիս մարկետինգային աշխատանքների ընդլայնումը՝ ԱՄՆ-ից ուսանողներ ներգրավելու նպատակով: Ամերիկացի ուսանողները հետաքրքրված են իրենց մասնագիտական ոլորտում առանձին թեմաների շուրջ երկրից դուրս ոչ-ավանդական և ինքնատիպ փորձառություն ձեռք բերելու հեռանկարներով, իսկ հայկական բուհերն այդ ուղղությամբ առաջարկելու շատ բան ունեն:

«ԱՄՆ-ում արտերկրում ուսանելու ծրագրերին մեծ կարևորություն է տրվում և ամերիկացի ուսանողներին խրախուսում են օգտվել այդ հնարավորություններից: Պատճառները մի քանիսն են. նախ և առաջ արտերկրում ուսանելը նպաստում է տարբեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ ընկալմանը. արտերկրում ուսանող ամերիկացիները ընկերանում են այլ երկրների քաղաքացիների ու մյուս օտարերկրյա ուսանողների հետ, իսկ այդ ընկերությունը ողջ կյանքի համար է. նրանք կարողանում են արժևորել ու գնահատել այլ երկրների պատմությունն ու մշակույթը, դա ընկալել այլ կերպ, քան կարող էին սովորել գրքերով: Միաժամանակ, ներկայացնելով ամերիկյան մշակույթն ու արժեքները հյուրընկալող երկրի իրենց ընկերներին ու ծանոթներին, այս ուսանողները կարող են դառնալ խիստ արդյունավետ քաղաքացի-դիվանագետներ: Հայաստանը և Միացյալ Նահանգերը վաղեմի բարեկամ ու գործընկեր են, և մենք հավատացած ենք, որ կրթական փոխանակումների ընդլայնումը առավել կամրապնդի ու կխորացնի մեր երկկողմ կապերը: Հուսով ենք, որ ավելի շատ ամերիկացի ուսանողներ կօգտվեն Հայաստանում ուսանելու հնարավորություններից ու կդառնան բարի կամքի դեսպաններ՝ իրենց ներդրումն ունենալով մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության խորացման հարցում ու վայելելով այն բարիքները, որ Հայաստանը կարող է առաջարկել նրանց», - ասաց ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ժաքլին Դիլին:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին արտերկրում ուսանելու առումով ԱՄՆ-ում տիրող միտումները, քննարկվեցին կրթական փոխանակումների միջոցով ձևավորվող հավելյալ արժեքները, նախկին ծրագրերից քաղած դասերը և հնչեցին որոշ խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հետաքրքրել ամերիկյան լսարանին: Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի դասախոսներ և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:

ԱՄՆ պետքարտուղարության «Ուսանիր արտերկրում» գրասենյակը ոչ միայն ձգտում է նպաստել արտերկրում ուսանող ամերիկացիների թվի մեծացմանը, այլ նաև ուսանողների, ուսումնառության բնագավառների, վայրերի և բուհական կրթության հաստատությունների բազմազանեցմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia