Search

Դոկտոր Վազրիկ Բազիլը` PR դպրոցում


PR դպրոցում այսօր բանախոսեց Գերմանիայից ժամանած հաղորդակցության և հանրային կապերի (PR) հեղինակավոր մասնագետ, ճառագիր, հրապարակախոս դոկտոր Վազրիկ Բազիլը:

Հայկական ծագումով Վազրիկ Բազիլը, ով հայտնի է որպես մի շարք քաղաքական առաջնորդների ելույթների և ուղերձների հեղինակ, հանրային կապերի իրականացման և հեղինակության ամրապնդման խորհրդատու, ներկայացրեց հաղորդակցության սկզբունքներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների գերմանական փորձը:

«Հանրային կապերն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, սակայն դեռ շատ մասնագիտական բացեր, խնդիրներ կան PR ոլորտում: Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում 2015 թվականին Հայկական Փի Ար ասոցիացիան որոշեց ստեղծել PR դպրոցը, որը հնարավորություն է տալիս հանրային կապերով զբաղվող կամ հետաքրքրված մարդկանց վերապատրաստվել, Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետներից ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ: PR դպրոցը նաև փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ է ծառայում, որովհետև յուրաքանչյուր հոսքում ընդգրկվում են տարբեր գիտելիքների և փորձի տեր մարդիկ: Այս անգամ 103 դիմորդից ընտրվել է ընդամենը 15-ը»,- իր խոսքում նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

PR դպրոցի նախորդ հոսքերի ընթացքում մասնակիցներն արդեն հասցրել են քննարկել PR ոլորտում առկա բացերը, ամրագրված հաջողություններն ու ձեռքբերումները: Հյուրընկալելով ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկին՝ դոկտոր Վազրիկ Բազիլին, ով երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, Սաքսոնիա երկրամասի Մշակույթի ու սպորտի նախարարությունում, PR դպրոցը հնարավորություն է տալիս հեղինակավոր մասնագետից լսելու և համադրելու գերմանական փորձը, ծանոթանալու տարբեր տարիներին միջազգային հարթակում կիրառված PR գործիքներին և տեխնոլոգիաներին: Դոկտոր Վազրիկ Բազիլն իր ելույթում անդրադարձավ հանրային կապերում լուրջ դերակատարում ունեցող հաղորդակցության սկզբունքներին, հնարավորություն տվեց մասնակիցներին հարցադրումներով բացահայտել մասնագիտության գաղտնիքները:

Դասախոսությունն ավարտվեց անակնկալով՝ դոկտոր Վազրիկ Բազիլը դարձավ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ «Պատվավոր անդամ», ինչպես նաև ստանձնեց «Հայկական PR մրցանակաբաշխություն-2017»-ի մասնագիտական հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia