Search

Մարտունին անտերության է մատնված


Մի քանի տարի առաջ էի եղել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մեկ տարի առաջ հպանցիկ այցելություն ստացվեց՝ մասնակցում էի Մարտունիում վաստակավոր ուսուցչուհու թաղման, շատ վատ տպավորությամբ հեռացա, օրերս ևս առիթ ընձեռվեց այցելել Մարտունի: Արդեն տասը տարի Մարտունիում ոչինչ չի փոխվում, որովհետև Մարտունու քաղաքապետը Բագրատ Հարությունյանը, ում մարտունեցիները «Բաքո» են անվանում, անտարբերության է մատնել քաղաքն ու բնակիչներին: Փողոցները նույն անմխիթար վիճակում են, աղբանոցի վերածված: Մշակութային կյանքն էլ՝ մեռած: Խոսում եմ նախկին ուսուցչուհի տիկին Անահիտի հետ, ասում է՝ «մեր դժվարությունների մասին մտածող չկա, ու դա էդքան էլ կախված չէ, թե երկրիդ ղեկավարը լավ է աշխատում, թե վատ: Կախված է, թե ներքին օղակներում աշխատող մարդիկ ոնց են աշխատում, եթե քաղաքապետն ամբողջ օրն անցկացնում է ուտել-խմելու մեջ, ժամանակ չունի մարդկանց հոգսն ու ցավը հասկանալու, ինչի՞ մասին է խոսքը: Լավ է դպրոցներն ու պատվարժան ուսուցչները փորձում են սերունդ կրթել, էսօր հանրապետության լավագույն տեղերում տեսնում ենք մեր համաքաղաքացիներին»: Տիկին Անահիտը պատմում է, որ ամիսներ առաջ վաստակավոր ուսուցիչներից մեկն էր մահացել, ամբողջ փողոցը ցեխի և կեղտի մեջ, քաղաքապետն եկավ, տեսավ, որ ահավոր իրավիճակ է, թողեց- գնաց, բայց գոնե հանձնարարեր, որ ավազ կամ մեկ այլ բան լցնեն, որ գոնե մարդիկ նորմալ մտնեն ցավակցեն և դուրս գան: Գոնե հարգելով մահացածի վաստակը, բայց ու՞մ ասես: Երևանից, տարբեր տեղերից հյուրեր կային, բոլորի բերանում քաղաքապետը դարձավ մատի փաթաթան, որովհետև դրանով երևում է իր համայնքի դեմքը:

Շարունակում եմ ճանապարհս, հանդիպելով Վաչիկ պապին, ով այդ պահին ծանր պայուսակներով տուն էր գնում, փորձեցի օգնել և խոսել բան ու գործից, եղած-չեղածից: Ասում է՝ «էս ինչ կյանք է, տեր չունենք մեր գլխին: Ասում են քաղաքապետն իր տղային նշանակել է խորհրդատու, աղջկան էլ՝ չեմ իմանում ինչ.... Բա, մի մարդ, որ սկի նորմալ դպրոց չի գնացել, դրա Էրեխեն ինչ կարող է անել, մի կերպ դիպլոմ առան, հիմա էլ խորհուրդ պետք է տա, ում տա՞, հո՞րը: Չէ, աղջիկ ջան, մենք մեր հողը շատ ենք սիրում, բայց մինչև սրա նմանները չվերանան, մինչև մարդկանց մասին մտածող չլինի: Էսքան տարվա մեջ միայն շախմատի հետ կապված միջոցառում է եղել Մարտունիում, էն էլ երևի Նախագահի շնորքն է, սրանք ինչ են հասկանում շախմատից: Սկի մեկ նախադասություն արտասանել չգիտի, դա պետք է ինձ կառավարի՞, հոգսս թեթևացնի՞: Թող մի նորմալ մարդ, որ ստացել է լավ կրթություն, մարդկանց հետ շփվելու, մարդուն լսելու շնորք ունի, թող գա ու էս գործն անի», թևը թափահարելով հեռացավ Վաչիկ պապը:

Ուզում էի կապուտաչյա Սևանի ափին գտնվող այս գողտրիկ քաղաքում լսել մի դրական բան, բայց մարդկանց հիասթափությունն ու անտարբերությունն ամեն ինչ ասում էր: Նարինե անունով երիտասարդ կինն էլ հավելեց, որ «քաղաքապետը փոխանակ իր գործն անելու ամբողջ օրը նստած ծաղրում է իր աշխատողներին, իր շրջապատի մարդկանց: Աշխատավայրն էլ վերածել է իր հանգստի գոտուն, միայն իր խանութների շահույթներն է հաշվում»:

Քրիստինե Առաքելյան

Մարտունի- Երևան


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia