Search

Արցախյան հարցի կարգավորման որևէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, կամ առ



ՀՅ Դաշնակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 25֊ամյակի առիթով, որում, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջև: Դրանցից ամենակարևորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է և Հանրապետության անվտանգության ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու այս առումով ՀՅԴ դիրքորոշումները. 1. Արցախյան Հարցի կարգավորման որևէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, և կամ առնվազն` Արցախի անկախությունը։ 2. Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի և Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով: 3. Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։ 4.- Առ այդ ՀՅ Դաշնակցությունը` - Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը։ - Պաշտպանում է ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջը։ - Հետամուտ է ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխիքի։ - Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որևէ կարգավորում: - Դեմ է վերոնշյալ պահանջը անտեսող որևէ «փուլային» լուծման տարբերակի և միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որևէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա և փաթեթային լուծման շրջանակներում: - Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում։ - Հետամուտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը դատապարտվեն միջազգային համայնքի կողմից։ - Համոզված է, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխավորները նախ և առաջ ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանության բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման և վերահսկման արդյունավետ միջոցներ կիրառվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։ - Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական և ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակա խնդիրներ է համարում Արցախի բնակչության աճի և տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղված համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը»։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia