Search

«ՀԺ». Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել



«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի, վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտի հայտարարագիրը:

Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թվականին որեւէ շարժական եւ անշարժ գույք չի գնել, փոխառություն ո՛չ հանձնել է, ո՛չ էլ ստացել: Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել՝ 10.7 միլիոն: Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ:

Սեւակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թվականին 10 միլիոն 250 հազար դրամով գնել է LEXUS ES 300 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն LEXUS ES 350-ը:

Դատավորի կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է ընդամենը 3 միլիոն դրամ: Նա եկամուտի որեւէ աղբյուր չունի, չի աշխատում: Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանն, էլ իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ: Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որեւէ դրամական միջոց չի հայտարարագրել, միան նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia