Search

Հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնում` ուրոլոգիայի ոլորտում



ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ֆրանիսահայ անվանի ուրոլոգ Ժան-Պիեր Բերբերյանին:

Պրոֆեսորը նախարարին տեղեկացրեց Ֆրանսիայի ուրոլոգիական ասոցիացիայի Հայաստան այցի մասին, որը նախանշված է այս տարվա սեպտեմբերին: Շուրջ 30 առաջատար մասնագետից բաղկացած բժշկական խումբը մեր երկիր է ժամանելու փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման նպատակով:

Նախարարը ողջունեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել մասնագիտական խմբի նախաձեռնությանը: Նա առաջարկեց այցի ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպել համատեղ սատելիտային սիմպոզիում, որը կքննարկի նախապես ընտրված մասնագիտական թեմաներ և կնվիրվի Հայաստանի անկախության 25 ամյակին:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Հայստանում գործում են բազմաթիվ արհեստավարժ մասնագիտական միավորումներ, որոնցից առաջատար է նաև արդեն շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող Հայկական ուրոլոգիական ասոցիացիան:

Պրոֆեսոր, ուրոլոգ Իվան Աղաջանյանը ներկայացնելով Ժան-Պիեր Բերբերյանի մասնագիտական գործունեությունն ընդգծեց, որ հենց այս անվանի բժիշկի հետ է կապված մեր երկրում 1980-ականների վերջին էնդոսկոպիայի զարգացումը, որը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ուրոլոգիայի, այլև ընդհանուր բժշկության մեջ: Նրա ձեռքով է կատարվել նաև մեր անվանի հայրենակիցներից մեկի` ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վիրահատությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia