Մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերվել. ԱԱԾ

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երեւան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Մասնավորապես, առգրավվել եւ փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ եւ այլն:
Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական եւ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները»: