Search

ՄԻՊ-ը քաղաքացիներից 114 հաղորդում է ստացել ոստիկանական անօրինականությունների վերաբերյալ



Հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում, որոնք հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ստացված հաղորդումները նաեւ վերաբերել են քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն եւ չվերադարձնելուն, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն եւ բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

Նշված հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ:

Ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություններ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, բժշկական հաստատություններ և այլն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia