Search

Դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում. ԱԺ նախագահ



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 26-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիի հետ:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից ANEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ նրա աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում: ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ Հայաստանից գնում է լավ հիշողություններով:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը վստահեցրել է, որ դրանք հաստատուն հիմքերի վրա են եւ շարունակում են զարգանալ: Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia