Search

Լուծվում են մայրաքաղաքի հիմնախնդիրները



Երևանում իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, որը բաղկացած է երկու տրանշից: Առաջին տրանշը ներառում է Արտաշատի խճուղու և Արշակունյաց պողոտայի վերակառուցում/լայնացումը, Շիրակի փողոցի երկարացումը դեպի Արտաշատի խճուղի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը: Երկրորդ տրանշը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցումը: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրով և բանկի ֆինանսավորմամբ իրականացվող երկրորդ տրանշով նախատեսվում է ճանապարհահատված կառուցել Արգավանդի ճանապարհային հանգույցից դեպի Շիրակի փողոց: Այդ աշխատանքի մեկնարկից առաջ Առաջին տրանշով իրականացվել է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքը, որին պետք է հետևի շինարարության մեկնարկը: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինաշխատանքի իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իտալական «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությունը, որը զբաղվում է ճանապարհային, ներառյալ կամրջային կառուցվածքների արտոնագրված շինարարությամբ և ունի Վերոնայի առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և արհեստագործության պալատի հավաստագիրը, որը վավերական է մինչև 2018թ. մայիսի 10-ը: Բուն շինարարական աշխատանքը սկսելու համար ՀՀ կառավարությունը հաստատեց «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությանը արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը: Գործադիրը մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Երևանի քաղաքային լուսավորության» և «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրերի ֆինանսավորման վարկային համաձայնագրերը ներառվել են ՀՀ պետբյուջե: Դա հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարելավելու Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման համակարգը և նորացնելու փողոցային լուսավորության ցանցը: Կոշտ թափոնների կառավարման բարելավման կարևորությունը պայմանավորված է նոր աղբավայրի ստեղծման և Նուբարաշենի աղբավայրի փակման անհրաժեշտությամբ, իսկ քաղաքային լուսավորության ծրագրով կնորացվի 28 փողոցների լուսավորության ցանցը և կապահովվի էներգաարդյունավետ լուսավորություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia