Սերժ Թանկյանն արձագանքել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին

Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. իր ֆեյսբուքյան էջում աշխարհահռչակ երգիչը մասնավորապես գրել է.
«Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզմի եւ մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների նկատմամբ: ԱՄՆ-ում անզեն սեւամորթ տղամարդկանց սպանությունները, դրանց ի պատասխան՝ ոստիկանների թիրախավորված սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ իբր ի պատասխան պետական հեղաշրջման փորձի, Հայաստանում, ոստիկանության կողմից կոշտ միջոցներ կիրառելով քաղաքացիական առաջնորդներին «հավաքելը» ի պատասխան զինված խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման, խաղաղ բնակիչների սպանույունները Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում, այսպես կոչված, ԻՊ-ի կողմնակիցների կողմից… եւ այս ցուցակը կարելի է շարունակել:
Պարզ է մի բան, քաղաքակրթությունն իր ներկա վիճակով սպառել է իրեն: Մեզ խիստ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես հաղթահարել մարդու կողմից մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիվանդությունը:
ԱՄՆ-ում մենք պետք է փոփոխությունների մշակույթ տեսնենք միակողմանի բռնի գործողություններից դեպի արդարադատությանը ծառայելը՝ սկսելով ոստիկանությունից:
Թուրքիայում մենք պետք է պնդենք մեր ձայնը հանու առաջադեմ փոփոխությունների եւ ընդդեմ Էրդողանի դոգմատիկ ռեժիմի:
Հայաստանում պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքից, որը քանդում է երկիրն անկախությունից ի վեր:
Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, չափավորության եւ արդարության շնորհիվ»:
Իր գրառումը Սերժ Թանկյանն ամփոփել է «Ավելի շատ սեր...» գրությամբ: