Search

Էրդողանի սլաքները



Վաղ է հետեւություններ անել Թուրքիայում զինվորական չկայացած հեղաշրջման վերաբերյալ: Անշուշտ կան բազմաթիվ դիտարկումներ, վերլուծություններ եւ տարատեսակ մեկնաբանություններ, սկսած` բեմականացված հեղաշրջման տարբերակից, որի նպատակը նախագահ Էրդողանի տիրական հաստատումն ու կայացումն է, վերջացած Թուրքիայի մասնատումը առաջադրող հեռակառավարվող քաոսացման քաղաքականությամբ:

Հայկական կողմը, պաշտոնական հանգամանքները նկատի ունենալով, թե՛ պետական, եւ թե հասարակական առումներով զսպվածությամբ ու երբեմն կրավորականությամբ մեղադրվող լռությամբ, տեղին եւ ակնկալելի պահվածքով վերաբերվեց դեռևս քաղաքական արժեւորման չենթարկված զինվորական չկայացած հեղաշրջման երեւույթի նկատմամբ: Բնականաբար, այդպես էլ պիտի լիներ: Հայկական առաջին հանգամանալից մեկնաբանությունները քաղաքականորեն հասկանալի սահմանների մեջ մնացին` նկատի ունենալով հավանական հետեւանքների մշուշոտ տեսանելիությունը եւ այդ առումով էլ հայկական գործոնների վրա ենթադրելի ազդեցությունները:

Չշտապելու եւ զուսպ մեկնաբանելու այս պահվածքը` թե՛ պետական, եւ թե հասարակական մակարդակների վրա, գիտակցական էր եւ պատշաճ: Արագ էր եւ համարժեք նաեւ հայկական լրատվադաշտի լուսաբանումը, որի կրած եւ կրելիք ազդեցությունների մասին այլապես ընդգծելի կետեր կան` նկատի ունենալով Անկարայի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակոտնյա դիրքորոշումները, եւ նրանցից յուրաքանչյուրի կողմից վերահսկվող լրատվամիջոցների ազդեցությունը կրած հայկական զանգվածային լրատվամիջոցի թողարկած տեղեկատվության մեջ երեւացող տվյալ պետության քարոզչական ուղեգիծը: Այս ոլորտը տակավին ուսումնասիրելի է, ուստի հայկական կողմ ասելով պետք չէ հիմնվել սոցիալական ցանցերի վրա երեւացած թե պատահական անցորդների հետ կատարված հարցազրույցների ճանապարհով ամբոխային հակազդեցությունների ընդհանուր մթնոլորտի վրա` դատումնային եզրակացությունների հանգելու համար առաջին տպավորություն ստացող հայացքներով:

Քաղաքական հետագա վերլուծությունները` իրենց ժամանակին եւ հերթով: Առանց քաղաքական ենթադրական դաշտ մտնելու եւ հիմնվելով կատարված հայտարարությունների փոխանցած ուղերձների վրա, այս առաջին հանգրվանին պետք է նկատի ունենանք հետեւյալը.

Հակառակ նրան, որ «Թուրքիայի խաղաղություն» գործողությունը քեմալական ձեռագիր է կրում, բայց եւ այնպես Էրդողանը շատ արագ ամբաստանեց իր գլխավոր թշնամուն` Գյուլենին՝ հեղաշրջումը հեռակառավարած լինելու հանցանքով: Ապա Վաշինգտոնից պահանջեց արտաքսել նրան եւ վերջապես Ինջիրլիքը փակեց ամերիկյան օդուժի առջեւ (ավելի ուշ վերարտոնեց` զգալով հետեւանքների ծանրությունը):

Իրարահաջորդ այս քայլերով Էրդողանը հստակեցրեց, որ հեղաշրջման փորձը ղեկավարվել է Միացյալ Նահանգներից, որի համար էլ Վաշինգտոնին դրեց պատասխանատվության առջեւ` գլխավոր հանցագործը ոչ թե արտաքսելու, այլ արտահանձնելու, իսկ Ինջիրլիքի փակումը իբրեւ հակադարձ քայլ կնշանակի ահաբեկչության դեմ պայքարին Թուրքիայի միանալուն առկախումը, մինչեւ Վաշինգտոնը վերատեսության ենթարկի Անկարայի նկատմամբ իր վարած վերջին շրջանի քաղաքականությունը:

Այս բոլորի մեջ քրդական գործոնը տեսանելի չէ, մինչդեռ այն Վաշինգտոնի հետ ընթացող պարանաձգային բանակցությունների կարեւորագույն առանցքներից է:

Այս պահին նկատենք, թե ու՞ր են ուղղվում Էրդողանի մեղադրանքի սլաքները եւ մտաբերենք, թե ինչու՞ երկու նախընտրական ժամանակաշրջան Էրտողանն իր քննադատություններն անընդհատ ուղղում է դեպի Միացյալ Նահանգներ եւ Արեւմուտք` ահազանգելով, թե նրանք են առաջադրել Թուրքիայի մասնատումը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia