Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնի ուժով պահվող անձանց. ԱԱԾ

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեւական բանակցությունների եւ իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաեւ մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին:
Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար:
ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր եւ հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:
Ուստի մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»: