Search

2015-2016 ուսումնական տարին հաջող է եղել Տնտեսագիտականի համար. ավարտական վկայականների հանձնում



Հունիսի 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 2000 ուսանողներ ստացան ավարտական վկայականներ: Բուհի բակում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ավարտական վկայականներ ստացան բակալավրիատի 1200 շրջանավարտներ: Ավարտական վկայականներ կստանան նաև հեռակա համակարգի և մագիստրատուրայի 400-ական շրջանավարտներ:

Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ վարչապետ, բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով շրջանավարտներին և կարևորելով կրթված սերնդի դերակատարությունը երկրի զարգացման գործում՝ կառավարության ղեկավարը նշեց. «Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում ամենօրյա աշխատանքում որդեգրել է կրթության խրախուսման մոտեցումը՝ հատուկ կարևորելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը: Պետությունը մրցունակ դառնում է առաջին հերթին կրթված կադրերով: Կարևոր է որակյալ տնտեսագետների առկայությունը, որոնք կարող են իրենց գիտելիքներով նպաստել մեր տնտեսության առաջանցիկ զարգացմանը: Լավ պատրաստված մասնագետները նոր լիցք են հաղորդելու Հայաստանի տնտեսության զարգացման գործին»: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, թե ՀՊՏՀ-ն ամենակայացած բուհերից մեկն է ու նշեց. «Ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է հասցնենք իրենց հաղթական ավարտին: Ունենք խնդիրներ, որոնք նոր են ծագելու, ուստի ուժեղ մասնագետների առկայությունը, որոնք պիտի կարողանան մասնակցել մեր երկրի կառավարմանը, խիստ կարևոր է: Մի քանի տարի հետո դուք կսկսեք մեր երկրի շինարարությանը ձեր ամենալավ ներդրումն ունենալ»:

Բուհի ռեկտոր Կորյուր Աթոյանն էլ արձանագրեց, որ 2015-2016 ուսումնական տարին Տնտեսագիտականի համար հաջող ավարտ է նշանավորում: Դիմելով ուսանողներին՝ ռեկտորն ասաց. «Ինչպես վկայում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ձեր առաջ կարող են մեծ հեռանկարներ բացվել»:

Տեղեկացնենք, որ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարական հիմնադրամը, ՀՊՏՀ ռեկտորատը և բուհի ուսանողական խորհուրդը: © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia