Search

Հռոմի Պապի ելույթում յուրաքանչյուր բառ հստակ միտում ունի



«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի հարցազրույցը ՀայՄեդիա.AM կայքին`Հռոմի Պապի այցելության և հնարավոր ազդեցությունների մասին:

-Արդյո՞ք Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությունը Հայաստան կբարձրացնի Հայաստանի իմիջը միջազգային հանրության աչքում:

-Հռոմի Պապի այցելությունը և ընդհանրապես որևէ հայտնի մարդու՝ լինի հոգևորական, թե քաղաքական գործիչ, որը ունի մեծ արձագանք՝ ըստ էության կարծիքի լիդերի կիրառման տեխնոլոգիան է, որը որպես այդպիսին օգտագործվում է հանրային կապերի տեսանկյունից: Այս դեպքում փաստորեն, համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում է Հայաստանը և իմիջի տեսանկյունից ձեռք է բերում բավականին շատ բաղադրիչներ և բաղկացուցիչներ, որոնք կարող են ներկայացնել Հայաստան երկիրը:

Այն ամենը, ինչ անում է Հռոմի Պապը իր ուղերձով և իր այցով՝ սա արդեն իսկ դրական և բարձր գնահատականի է արժանի, և պտուղները մենք ժամանակ առ ժամանակ կքաղենք, որովհետև այս մի քանի օրվա ընթացքում մի քանի հարյուր լրագրողներ, որ նախապատրաստական շրջանում նախապես իրավիճակին ծանոթացան, և հիմա այցը պիտի լուսաբանեն, նրանք իրենց հետ տանելու են Հայաստանի հետ կապված բավականին մեծ տեղեկատվություն: Բոլոր զանգվածային լրատվամիջոցներով այդ ինֆորմացիան տարածելու են ամբողջ աշխարհում: Սա նշանակում է, որ ևս մեկ անգամ Հայաստանի մասին համաշխարհային մամուլը անդրադարձ կկատարի, որը և դրականորեն ազդելու է մեր երկրի իմիջի բարձրացման վրա:

Երկրորդ փաստը, որն ուզում եմ նշել, դա այն է, որ մինչ Հայաստան ժամանելը Հռոմի Պապը ուղերձ հղեց, որով խնդրեց, որ մարդիկ աղոթեն, որպեսզի ինքն իր ուխտագնացությունը կատարի, և հետաքրքիր մի քանի դրվագներ կային ուղերձում: Օրինակ՝ նա Հայաստանը ներկայացրել է որպես առաջին քրիստոնյա երկիր՝ ևս մեկ անգամ ընդգծելով այս փաստը, քանի որ կան ազգեր, որոնք միտված ՓԻ ԱՐ տեսանկյունից խեղաթյուրում են այս փաստը, բայց սրանով հանդերձ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Հայաստանն է առաջին քրիստոնեական երկիրը:

Երկրորդ ուղերձում պարունակվող հատվածում հայերի մասին նշվում է՝ տաղանդավոր միտք ունեցող ազգ, որ ինչքան էլ դժվարությունների մեջ է հայտնվում, նա կարողանում է դուրս գալ այդ իրավիճակից: Կարծում եմ այդ տաղանդավոր լինելու մասին միտքը հենց այնպես չէ օգտագործված Հռոմի Սրբազան Քահանայապետի անունից: Սա ևս մի բնորոշող բան է, որը ուղերձի տեսքով համայն աշխարհին մատուցվում է:

Կարող եմ արձանագրել, որ համաշխարհային մամուլում սա արդեն երկրորդ դեպքն է, որ Հայաստանը պետք է լուսաբանվի, որովհետև Հռոմի Պապը հեղինակություն ունի անկախ այն հանգամանքից, թե նա ինչ կրոնի կրող է՝ դավանանքի տեսանկյունից, իր իմիջը բավականին բարձր է, և իր յուրաքանչյուր խոսքը կամ քայլը ուշադրության է արժանանում: Այս դեպքում մեզ համար հպարտության առիթ է, որ հեղինակավոր կերպարը ընտրել է մեր երկիրը ուխտագնացություն անելու համար և այն օրհասական պահին, երբ մեր երկիրը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բավականին լուրջ խնդիրներ ունի՝ աշխարհին հաղորդելու, թե ինչ է տեղի ունեցել: Սա նաև խաղաղության և զորավիգ լինելու կոչ է:

-Հռոմի Պապի այցելությունը կարող է արդյոք եվրոպական ու այլ երկրների դեպքում Հայաստանի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման նախադրյալ դառնալ:

-Մենք կունենանք այդպիսի որոշակի արձանագրումներ, որովհետև նախորդ տարի էլ կային թերահավատներ, ովքեր կարծում էին, թե Գերմանիան երբեք չի ընդունի ցեղասպանության փաստը: Քաղաքական որոշումներ որոշակի թեմայի շուրջ թեկուզ փոքրիկ, բայց կարող են լինել: Թեմայի բարձրաձայնումն ու դրա շուրջ քննարկումներ անելը ազդեցություն ունեն, և որոշակի պտուղներ կարող ենք հավաքել:

-Շատերը նշում էին, որ ապրիլսկզբյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Պապի այցի նշանակությունը կրկնակի մեծանում է՝ հատկապես Արարատի կողմ աղավնիներ բաց թողնելու նախաձեռնությունը հաշվի առնելով:

-Ինչ գործողություն էլ այսօր անի Հռոմի Պապը՝ միանշանակ ազդեցություն ունենալու է: Պարզապես մենք հետագայում տոկոսային առումով վերլուծելու ենք, թե ամեն մի քայլը ինչ ազդեցություն ունեցավ: Իր հեղինակավոր լինելը բերում է նրան, որ յուրաքանչյուր քայլը արձանագրվելու է, և յուրաքանչյուր վերբալ կամ ոչ վերբալ, խոսքային և ոչ խոսքային ժեստն իր ազդեցությունն ունենալու է: Մենք կարող ենք արձանագրել, որ խաղաղության ուղերձը պետք է հասնի համայն աշխարհին և այս առումով գուցեև մենք արձանագրենք որոշակի հաջողություն: Այս քայլով իր մեսիջում խաղաղության հստակ ձևակերպումը կա:

-Ի սկզբանե Հայաստան այցը ներառված էր ընդհանուր ռեգիոնալ այցի շրջանակներում. ավելի ուշ Հայաստան կատարվելիք այցն առանձնացվեց և ձևակերպվեց որպես քրիստոնյա առաջին երկիր ուխտագնացություն: Այսինքն՝ սա է՞լ էր իր մեջ որոշակի մեսիջ պարունակում:

-Ես միանշանակ կարծում եմ, որ դա հստակ գծագրված է: Առաջինը, որ դա քրիստոնյա առաջին երկիրն է, ուր պետք է այցելություն լինի, երկրորդը՝ խաղաղության կոչը, հատկապես այն տեսանկյունից, որ հայերը հանդուրժող ազգ են, և հայերը առաջինն էին նախաձեռնում խաղաղության հաստատումը, ինչպես օրինակ Թուրքիայի հետ սահմանը բացելու, կամ Ադրբեջանի խնդրանքով կրակի դադարեցման տեսանկյունից: Կարծում եմ, որ սա էլ էր հստակ միտում: Իր տեքստում խաղաղություն բառը իր հստակ կողմնորոշիչ տեղը ունի: Յուրաքանչյուր ձևակերպում շատ լավ մշակված տեքստ է, և խաղաղության աղավնիների բացթողումը գործողություն է, որ պետք է արվի: Ժեստիկուլյացիան, խաղաղության աղոթքը և խաղաղության տարածողներին՝ երկինք բաց թողնելը ևս կարևոր դետալներ են:

Նյութը` Հայկանուշ Ալոյանի


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia