Search

ԵՄ-ի առջև ծառացող սուր մարտահրավերները



Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները մի կողմից ցնցող են հետագա իրադարձությունների եւ հետեւանքների տարբեր վարկածների առաջ մղմամբ, մյուս կողմից բոլորովին հանկարծակիության գործոնով չեն մեկնաբանվում, շեշտելու համար Մեծ Բրիտանիայի արդեն իսկ տարիների վրա երկարող վերապահությունը` համաեվրոպական համաձայնությունների եւ կառույցների մաս կազմելու առումով:

Այսպիսով, Մեծ Բրիտանիան, որ արդեն մաս չէր կազմում եւրոյի գոտու եւ շենգենյան համաձայնության, դուրս է գալիս նաեւ ԵՄ-ից: Չմոռանանք սակայն, որ Մեծ Բրիտանիան ի՜նքը եւս տնտեսական-քաղաքական միավոր է, որի անդամ երկրները, իրենց հերթին կարող են մտածել նոր հանրաքվեների մասին՝ մնալու Մեծ Բրիտանիայի տնտեսաքաղաքական միավոր ընդհանուր պետության մե՞ջ, թե՞ դուրս գալու Միացյալ թագավորությունից, իրենց հերթին վերաքննարկելու համար թե ԵՄ-ի վերամիացման առաջադրանքը որքանո՞վ է համապատասխանում իրենց երկրի քաղաքացիների կամքին: Ի վերջո, համաբրիտանական հանրաքվեի մասնակցության համեմատությունը բավական բարձր էր` ավելի քան 70 տոկոս եւ ԵՄ-ից դուրս գալու քվեները անցել են 52 տոկոսը:

Խնդիրը, անշուշտ, չի ավարտվում միայն Բրիտանիայի այս դիրքորոշմամբ: ԵՄ-ը կազմող պետությունների ներկայացուցիչները ամբողջ կառույցի վերաքննարկման անհրաժեշտության առաջ են, եւ գլխավոր մի ուժի դուրս գալու հետեւանքով ստեղծված կացության վերահաշվարկումներով համաեվրոպական քաղաքականությունն ու համապատասխան կառույցները վերակարգելու խիստ հրամայականի առաջ են:

Արագ մտածումները կենտրոնանում են այն ուղղությունների վրա, որոնց դիտարկումը ընդգծել է տալիս, որ Հունաստանի տնտեսական խոր ճգնաժամ ապրող երկրների նկատմամբ կշարունակվի ԵՄ-ի կազմի ներս պահելու քաղաքականությունը, մինչ եւրոպական գերուժ պետությունը ինքնակամ դուրս է գալիս ԵՄ-ից:

Բրիտանիան վաղուց դիտարկվում էր քաղաքականորեն իբրեւ ԱՄՆ-ի նահանգը Եւրոպայում: Հատկապես միջինարեւելան պատերազմների ընթացքում Լոնդոնը ոչ միայն վերարտասանում էր Վաշինգտոնից կատարված հայտարարությունները, այլ երբեմն նաեւ նրանից առաջ էր հնչեցնում այն ինչ որ Վաշինգտոնը պիտի ուզեր հրապարակել: Աշխարհի բազմաբեւեռայնացման գործընթացում ԵՄ-ն սկսել էր ներկայություն փաստել եւ ԵՄ-ն հետեւող դարձնելու աշխատանքում Լոնդոնը կարեւոր դեր ուներ կատարելիք թե՜ռազմական եւ թե՜ քաղաքական ամերիկյան ծրագրերի իրականացման ընթացքում: Եւ եթե մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից Վաշինգտոնին զրկում է ԵՄ-ում հզոր գործոն ունենալու հնարավորությունից, մյուս կողմից սակայն վարկածներ է առաջ քաշում ամբողջ ԵՄ-ի հավանական կազմաքանդման մասին:

Կանխատեսական այս վերլուծումները կարող են շարունակվել եւ տարբեր հավանականությունների դիմագրավման մասին տեսանելի բեմագրություններ պարզել իրադարձությունների հետեւողների առաջ։

Փորձենք համաշխարհային այս գործընթացը դիտարկել նաեւ հայկական ոսպնյակով: Ինչ որ տեղ նկատելու համար, որ համաեվրոպական ճգնաժամի մասին է խոսքը առավելաբար, որ թե՜ տնտեսական է, թե՜ ապահովական, թե՜ գաղթականական եւ թե՜մարդասիրական: Այս ճգնաժամերի կուտակումը վերաշեշտում է մեկ գերտերության հետեւաբար մեկ բեւեռի կայացումը, որ եթե ոչ ուղղակի, այլ անուղղակի բազմաթիվ ձեւերով առաջադրում է այս ճգնաժամերի ահագնացումը: Նոր աշխարհակարգի ձեւաւորման փորձերը սկսել են հարվածել եւրոպական ցամաքամասը, հետզհետէ սուր ձեւերով։ Վերջին ճգնաժամի ալիքը մարդկային աղետն էր, որը հատկանշվեց փախստականների ալիքների աննախադեպ մակընթացություններով։ Այդ ալիքներից առաջ եւ նրանց առընթեր Եւրոպայի կենտրոնները հարվածվում էին ահաբեկչական նույնպես աննախընթաց դրսեւորումներով։ Ժողովրդագրականից մինչեւ տնտեսական, անվտանգությունից մինչեւ մարդկային` համաեվրոպական ճգնաժամերի աղետային այս կուտակումները ԵՄ-ի վերաձեւաւորման բազմաթիւ հրամայականներ են հուշում։ Մեծ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից այս բոլորի դիմաց առաջին հայացքից նման բեռնաւորվածությունից փախուստ տալ է եւ հեռանալ է կուտակվող ճգնաժամերը դիմակայելու իրականությունից։ Սակայն չի բացառվում, որ սա ըստ էության ԵՄ-ի կազմաքանդման գործընթացի մեկնարկն է ։ Համաեվրոպական կառույցների ղեկավարները վերահաշվարկների ընթացքում պետք է նկատի ունենան նաեւ, թե ո՞ր երկրներն էին փախստականների հսկայական ալիքների առաջացման նպաստողները, տարանցիկ ճանապարհ տրամադրողները. ո՞ր կենտրոններից էին անցել եւ աջակցություն ստացել եւրոպական քաղաքներում ահաբեկչական արարքներ իրականացնողերը։ Ճիշտ է, որ Բրիտանիան հատկապես Գերմանիայի եւ նաեւ Ֆրանսիայի նման ԵՄ-ի ընդհանուր կառավարման մեջ ազդեցիկ գործոններ բանեցնելու եւ որոշման գործընթացների ղեկը իր բացարձակ վերահսկողության տակ պահելու առաջնային խնդիր չուներ։ Սակայն իր դուրս գալը կարող է չունենալ միեւնույն երկրորդական դերը։ Բայց հարցը երկսայրի է եւ ինչ որ տեղ կարող է վերաբերել ուղղակի Մեծ Բրիտանիայի կազմաքանդման հնարավորությանը։ Հատկապես իռլանդական եւ շոտլանդական կողմերից փչում են Մեծն Բրիտանիայից դուրս գալու հովեր։ Եւրոպան ապրում է ժողովրդագրական, տնտեսական, ապահովական, գաղթականական եւ առ այդ մարդկային լուրջ ճգնաժամեր։ Այդ բոլորի պատճառահետեւանքային երեւույթների խոր ուսումնասիրության եւ լուրջ վերահաշվարկների առաջ են եվրոպական արժեքների պահապանները։ Ընդհանուր այս ուղղվածության մեջ հայկական դիտակետը իր տեսադաշտում սուր կերպով պետք է նկատի ԵՄ-Անկարա լարված հարաբերությունները եւ ԵՄ- Երեւան նոր ձեւաչափով համաձայնագիր կնքելու ուղղութեամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։

Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia