Փառատոն, որին արժե մասնակցել
Ամեն տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնից 14 շաբաթ անց Հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը, ժողովրդական բառով`Վարդավառը: Վարդավառը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որն իր մեջ միաձուլում է կրոնականն ու ազգայինը, հոգևորն ու մշակութայինը:
Կարևորելով հայկական սովորույթներն ու ծիսական արարողությունները` Երիտասարդական ակումբների դաշնությունն (FYCA) ավանդական է դարձրել Վարդավառի` մեծ շուքով և հնչեղությամբ տոնելու գաղափարը: Կրթական, ճանաչողական միջոցառումն այս տարի կնշվի հուլիսի 3-ին հայ ժողովրդի ու համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մաս կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
«Վարդավառը եզակի տոներից է, որը հայերիս համար բնութագրական է և ունի ազգային հիմք: Գրավում է զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին`վերածելով համազգային տոնի` ստեղծելով յուրօրինակ կամուրջ ներկայի և անցյալի միջև»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը` հավելելով. «Մեր նպատակն է հայ հասարակությանը հաղորդակից դարձնել տոնի իրական ծագումնաբանությանը, վերհանել հայկական մշակույթը, նպաստել հոգևոր արժեքների պահպանմանը»:
Կազմակերպիչների փոխանցմամբ ամեն տարի փառատոնի համար ընտրվում է ինքնատիպ խորագիր: Այս անգամ միջոցառումը կոչվում է «Ազգային ավանդական խաղեր»: «Գառնու տաճարի տարածքը այդ օրը վերածվելու է ազգային խաղերի մի մեծ հրապարակի, տաճարի շրջակայքի տարբեր հատվածներում ներկայացվելու են ազգային խաղերը, որոնց հանրահռչակման համար հյուրերին կբաժանվեն թերթոններ, որտեղ տարբեր լեզուներով նկարագրված կլինի խաղերի բուն էությունը: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն հետևելու թիմերի մրցությանը, այլև կարող են դառնալ խաղի անմիջական մասնակիցը»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը:
Փառատոնի անցկացմանը մեծ ոգևորությամբ են սպասում հատկապես կոտայքցիները, հավաստում է ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը. «Մարզում բավականին ակտիվ մթնոլորտ է: Կոտայքի մարզը, հանձին մարզպետ Կարապետ Գուլոյանի, մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Արդեն սիրված ավանդույթ է դարձել Վարդավառ փառատոնը, որն իր խորհրդավորությամբ ամեն անգամ նորովի և յուրովի է դրսևորվում»:
Փառատոնի համակարգող Սոնա Փարսյանի խոսքով` ծրագրում ներկայացված է Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը: «Գեղարդի վանական համալիրում տեղի կունենա երիտասարդության օրհնության կարգ, որն հետագայում կուղեկցվի ազգային երգ ու պարով: Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարները ներկայացնելու են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները»:
Բանախոսները, փակագծերը շատ չբացելով, այլ անակնկալների մասին չխոսեցին`մեծացնելով ներկա լրագրողների հետաքրքրությունը:
Ինչպես փաստեց գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը` ամեն բան թեժ է լինելու. բեմադրություններն անգամ ինտերակտիվ ձևաչափով են մեկնաբանվելու:
Նշենք, որ «Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am: