Search

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. Էդուարդ Շարմազանով



ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի

Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով

Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության

անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ

Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ

Շարմազանովը կարևորել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի

հիմնադրումը և նշել, որ թեև Հայաստանը դասական առումով ֆրանկոֆոն երկիր չէ,

այնուամենայիվ այն կրողն է մարդու իրավունքների պաշտպանության, քրիստոնեական և

ժողովրդավարական արժեքների:

Անդրադառնալով ողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին`

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության և այլատյացության զոհ է դարձել նաև

Լեռնային Ղարաբաղը: Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել

Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի շրջափակման

մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու

շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսեւորումները, ԱԺ

փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե

կոչերը: Էդուարդ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև՝

խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք

իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած

ժողովուրդ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը և պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը

երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն դեռեւս 1991 թվականին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից,

այլ ոչ թե Ադրբեջանի: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման

սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի և ԼՂՀ-ն կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների

շարքը: ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: ԱԺ

փոխնախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետքվ է դատապարտի Ադրբեջանի

ահաբեկչական գործողությունները:

Պատվիրակության ղեկավար, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/Ֆրանսիական համայնքի

խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության

համար և դատապարտել ինչպես աշխարհում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող

ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսեւորումները: Նա կարեւորել է ահաբեկչության

դեմ պայքարի համատեղումն ու աջակցություն հայտնել ադրբեջանական ագրեսիայի զոհերի

հարազատներին և տուժածներին: Ֆիլիպ Կուրարը վստահեցրել է, որ ղարաբաղյան

իրադարձությունների վերաբերյալ իրենց ստացած ողջ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց

կառույցներին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia