Search

Այսօր Շուշիի ազատագրման օրն է



Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։ Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 24-րդ տարին։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ:Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական:

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia