Search

Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել. շարքային Արման Ավետիսյան



Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի աջակցությամբ, իրականացավ մեծարման և խրախուսման արարողությունը։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ «Սա Հաղթանակի տոնին նվիրված միջոցառում է, և մենք չենք կարող այդ համատեքստում չառանձնացնել բժիշկներին։ Մեր բժիշկները ցուցաբերել են իրենց բարձր մասնագիտական որակները ռազմի դաշտում՝ լինելով և զինվոր, և բժիշկ։ Նրանք այնպիսի բժշկական միջամտություններ են իրականացրել առաջնագծում, ամենաթեժ կետերում, որոնք շատ զարգացած երկրներում գուցե անհնար լիներ»,- ասաց Կարեն Ավագյանը։ Պարոն Ավագյանը շնորհակալագրեր և պարգևներ հանձնեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայրենի սահմանը պաշտպանելիս արիությամբ աչքի ընկած, վիրավորում ստացած զինծառայողներ կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանին, շարքային Արման Ավետիսյանին, շարքային Բենիկ Եղիազարյանին, կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանին։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մայիսը ոգեշնչման, մեծ հաղթանակների ամիս է, ապա ապաքինում մաղթեց վիրավոր բոլոր զինծառայողներին։ «Նրանց տոկուն աչքերում այս օրերին տեսել եմ միայն մեկ ցանկություն՝ արագ վերադառնալ շարք, խրամատ և անառիկ պահել հայերնի սահմանները, մեր երեխաների անդորրը, մեր արժանապատվությունը»,- ասաց առողջապահության նախարարը։ Շարքային Արման Ավետիսյանն ասում է, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»,- եզրափակեց վիրավորում ստացած զինծառայողը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia