Search

«Վհուկը» Երևանի պետական տիկնիկային թատրոնում


Մայիսի 4-ին ժամը 19:00- ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ «Թատրոն X» փառատոնի շրջանակում, տեղի ունեցավ Նիկոլայ Գոգոլի «Վհուկը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը: Այն 2016 թվականին «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց լավագույն ռեժիսուրա անվանակարգում: Ժամանակակից մոտիվներով բեմադրված ներկայացման ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում՝ «Թատրոն-X» փառատոնի մասնագիտական հանձնախմբի, ներկայացման ռեժիսոր, «Ափ» թատերախմբի հիմնադիր, «Արտավազդ» մրցանակաբաշխությունում լավագույն երիտասարդ ռեժիսոր ճանաչված Սամսոն Մովսեսյանի, դերասանների և հանդիսատեսի միջև: «Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, խոսելով ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի մասին, նշեց, որ վերջինս մեծ ձեռքբերում է թատրոնի համար․ «Նրա հետ հաճույքով են աշխատում դերասանները, նա ունի ճաշակ և հատուկ կուլտուրա: Սամսոնը կարողանում է մաքսիմալ օգտագործել դերասանի ունակությունները։ Գոգոլյան աշխատությունների բեմականացումը շատ բարդ գործ է, և Սամսոնին հաջողվել է ներկայացնել իր տարբերակը»: Անդրադառնալով ներկայացման գախաղափարին՝ Խզմալյանը նշեց. «Խնդիրը դևերն ու սատանները չեն, խնդիրը մարդկային վախի ֆենոմենն է»: Ըստ թատերագետի՝ բեմում չափից ավելի էին գույները. «Հանդիսատեսին վախ ներշնչելու համար ավելի շատ անհրաժեշտ էր սև ու սպիտակ գույների գերակայությունը»: Մասնագիտական հանձնախմբի անդամ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը իր խոսքում անդրադարձավ ներկայացման ընթացքում օգտագործվող երաժշտական էթնիկ գործիքների կարևորությանն ու յուրահատուկ ազդեցությանը: «Թատրոն-X» փառատոնի մասնագիտական հանձնախմբի մյուս անդամները խոսեցին դերասանների հետաքրքիր կերպարանափոխությունների, պլաստիկայի և ներկայացման նկարչական ձևավորման բարձր որակի մասին: Նշեցին, որ ռեժիսորին հաջողվել է ներկայացման միջոցով փոխանցել գոգոլյան շունչը: Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը, ընդունելով և կարևորելով բոլոր կարծիքները, ասաց, որ բեմականացումը արտահայտում է իր աշխարհընկալումը, և յուրաքանչյուրը ներկայացումն ընկալում է՝ համաձայն իր աշխարհըմբռնման:

(«Վհուկը» ներկայացման հերոսը՝ Խոման, հատուկ կարգադրությամբ եկեղեցում երեք գիշեր փակված պարտադրված աղոթք է կարդում հարյուրապետի դստեր դիակի վրա՝ ամեն անգամ պայքարի բռնվելով չար ուժի հետ: Սակայն, աքլորականչի ժամանակ հմայությունների ու ծանր ապրումների հետևանքով նա կնքում է մահկանացուն: Ներկայացման մեջ գերակշռում են պլաստիկ և տիկնիկային թատրոնների տարրերը:) Նշենք, որ «Թատրոն X» հանրապետական փառատոնն անցկացվում է 9-րդ անգամ: Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։ Փառատոնը մեկնարկել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ։ Ապրիլի 15-ից մայիսի 9-ը Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան և Աբովյան քաղաքների 12 թատրոններում կներկայացվեն 2015 թվականին բեմադրված դրամատիկ, տիկնիկային, պարային և կատակերգական ժանրի 14 ներկայացումներ։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia