Search

Պատանի լրագրողների դպրոցը բացեց դռները


Պատանի լրագրողների դպրոցի դասընթացների նոր փուլի մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին: Դպրոցն ստեղծվել է 2015 թվականին. հնարավորություն է տալիս 12-ից 17 տարեկան պատանիներին բացահայտելու հեռուստատեսության աշխարհը՝ ուսումնասիրելով հաղորդավարական գործ, լրագրություն, օպերատրություն և մոնտաժ: Դասընթացները տևում են 3 ամիս և լավագույները մասնակցում են կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրագիր» լրատվական հաղորդաշարին: Պատանի լրագրողների դպրոց-ստուդիայում դասավանդում են փորձառու մասնագետներ Բաղդասար Մհերյանը, Արմինե Նալբանդյանը, ինչպես նաև վարպետության դասեր են վարում Արտակ Հերիքյանը, Արմեն Դուլյանը, Արտակ Ալեքսանյանը և այլ հայտնի ու փորձառու մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն են փոխանցում պատանիներին:

Բացման արարողության սկզբում ցուցադրվեց «Վան» հեռուստաստուդիայի մասին փոքրիկ հոլովակ՝ ներկայացնելով հեռուստաստուդիայի և դպրոցի արդեն ներկա նվաճումներն ու ապագա նախագծերը:

«Վան» հեռուստաստուդիան հիմնադրվել է 2005 թվականին Գյումրիում: Այն խիստ կարևորում էր հեռուստաեթերում մանկապատանեկան հաղորդաշարերի առկայությունը, ուստի իր գործունեության երկրորդ տարում ձեռնամուխ եղավ «Սուրհանդակ» մանկական լրատվական ծրագրի ստեղծմանը, որը եթեր հեռարձակվեց Շիրակի մարզային հեռուստատեսությամբ: Հարկ է նշել, որ պատանի հաղորդավարներից շատերն արդեն հանդես են գալիս մարզային և մայրաքաղաքային հեռուստաեթերներում: «Վան» հեռուստաստուդիայի գլխավոր նվաճումներն են 2008թ. նկարահանված «Ձեռքեր» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Սպիտակի երկրաշարժին, ինչպես նաև «Վերածնունդ» ֆիլմաշարը՝ նվիրված Հայաստանի անկախության քսանամյակին: Այս նախագծերից հետո հեռուստաստուդիան տեղափոխվեց Երևան՝ շարունակելով նոր ծրագրերի ստեղծումը:

Բացման խոսքով հանդես եկավ Պատանի լրագրողի դպրոցի տնօրեն Բաղդասար Մհերյանը, ով մասնավորապես նշեց, որ «իրենք չեն հավակնում տալ լրագրողական կրթություն, որը ֆորմալ բնույթ է կրում, այլ սովորեցնում են պարմանիներին մտածել, ստեղծագործել և ծանոթանալ հեռուստատեսության գաղտնիքներին»: ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն էլ իր խոսքում նշեց, որ «դպրոցականների համար սա լայն հնարավորություն է ինքնադրսևորվելու ու ինքնահաստատվելու համար: Ուսուցման գործընթացում ծանոթանալով հեռուստատեսության աշխարհին, հասկանալով լրագրողական գործի նրբությունները՝ պատանիները փորձ ձեռք կբերեն և կդառնան մեդիագրագետ, ինչն այսօր կարևորվում է»: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև հայտնի լրագրող Արմեն Դուլյանն ու երգահան Արա Գևորգյանը: Վերջինս հորդորեց երեխաներին լրագրողի մասնագիտությունը ընտրելու դեպքում լինել «բարի լրագրող», քանի որ չար լրագրողը կարող է պատերազմ հրահրել՝ մաղթելով պատանի լրագրողներին միշտ դառնալ հաշտեցման աղբյուր: Իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին լրագրության դասերն ավարտած և արդեն «Օրագիր» լրատվականում գործունեություն ծավալած պատանիները:

Հանդիպումն ավարտվեց Արա Գևորգյանի՝ New Arena և «Վան» հեռուստաստուդիայի հետ համատեղ 2015թ. նկարահանված «Remember» տեսահոլովակի ցուցադրությամբ:


Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png