Search

Վարչապետը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև 2015 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը պատեհ առիթ է՝ ՀՀ գիտնականների աշխատանքի արդյունքները քննարկելու և ամփոփելու, հետագա անելիքները նախանշելու համար:«Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը: Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես, Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին ՀՀ ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին», - ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ գիտական դարավոր ավանդույթներ ունեցող մեր երկրում գիտական նոր գաղափարներն ու մշակումները կարևորագույն ռեսուրսներից են, և մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ այն առավելագույնս իրացնելու համար: «Համոզված եմ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և մեր ողջ գիտական հանրությունը պետք է օր առաջ մտածեն ուժերը համախմբելու մասին, ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով կառուցվածքային բարեփոխումներով՝ ռազմավարական նշանակության խնդիրներ սահմանելով և դրանց լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Մենք պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ կառավարությունն այսուհետ ևս լինելու է ականջալուր Ակադեմիայի բոլոր այն ողջամիտ խնդիրներին, որոնք կառաջադրվեն ՀՀ կառավարությանը», - ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և բեղմնավոր աշխատանք, նորանոր գիտական գաղափարներ ու նվաճումներ մաղթել ժողովի մասնակիցներին: Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2015 թ. գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ 2015 թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Այնուհետև ելույթներով և մի շարք հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ և գիտաշխատողներ։ Ամփոփելով զեկուցումները՝ վարչապետը ներկայացրել է գիտության ոլորտում ապագա անելիքների վերաբերյալ իր տեսակետը. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»: Այնուհետև անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, որոնք վերաբերում էին ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրներին, սարքավորումների վերազինմանը, նոր գիտական ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի և կուսումնասիրի այդ առաջարկությունները: Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով Ակադեմիայի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները և միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով և ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաև ֆինանսապես արդյունավետ լինեն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia