Search

Երկնային դրախտը Գոայում



Լրագրողների խումբը, որն առիթ ունեցավ ապրիլին 12-օրյա այցով լինելու Հնդկաստանում, երեք օր անցկացրեց հնդկական իրականությունից կտրված Գոայում, որտեղ իր հյուրընկալ դռներն էր բացել «Ալիլա Դիվա» հյուրանոցը: Այցը կազմակերպվել էր «Էյր Արաբիա» ավիաընկերության և «Լոտոս» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Հնարավորություն ունենալով ծանոթանալ տեղանքին, ինչպես նաև սպասարկման ոլորտին՝ լրագրողները հանդիպեցին հյուրանոցի գլխավոր մենեջեր Սիդ Հարթ Սավկուրին: Այն հարցին, թե որն է «Ալիլա Դիվա» հյուրանոցի հաջողության բանալին, մենեջերը պատասխանեց, որ հյուրանոցն աչքի է ընկնում իր ինքնատիպ ոճով: Նպատակը եղել է հավատարիմ լինել տեղական մշակույթին, դա վերաբերում է և՛ հյուրանոցի կառուցվածքին, և՛ ձևին, և՛ խոհանոցին, և՛, իհարկե՝ սպասարկման ոլորտին:

- Պարոն Սավկուր, հյուրանոցն ի՞նչ PR-տեխնոլոգիաներ է օգտագործում զբոսաշրջիկներին գրավելու համար:

- Մենք հաշվի ենք առնում հյուրի՝ զբոսաշրջիկի կարծիքը: Սոցիալական ցանցերում գրառված յուրաքանչյուր կարծիք մեզ համար մեծ նշանակություն ունի: Հետադարձ կապի ապահովման տեսանկյունից մենք կարողանում ենք բարելավել մեր աշխատանք: Հյուրանոցում առկա յուրաքանչյուր տարր, մեկ անգամ հյուրանոց այցելած մարդու համար, մնում է հիշողության մեջ: Մեր սինվոլները, փաթեթավորումը, յուրաքանչյուր առարկա ներկայացնելու ձևն արդեն իսկ տեխնոլոգիա է, բայց ամենամեծ հնարքը, դա յուրաքանչյուր այցելուից հետո նույն տեղանքից կամ վայրից մարդկանց հոսքն է:

- Ի՞նչ եք անում հայ-հնդկական կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման համար:

- Ձեր այցելությունը հնարավորություն կտա իմանալ ձեր ցանկություններն ու նախասիրությունները: Մեզ համար, առհասարակ, շատ կարևոր է Ռուսաստանի բնակիչների, այդ թվում՝ հետխորհրդային մյուս երկրների, մասնավորապես՝ Հայաստանի բնակիչների այցը Գոա: Ռուսների համար հետաքրքրություն ներկայացնող վայր է Գոան, մեր այցելուների մեջ քիչ են հայերը և դա իր հասկանալի պատճառներն ունի: Երևան-Շարժա-Գոա թռիչքը շատ անհարմար է, հայերը Շարժայում ստիպված են լինում 9 ժամ սպասել: Քանի որ մենք կազմակերպում ենք ընտանեկան հանգիստ, ընտանիքների համար շատ դժվար է երեխաների հետ անցնել այդքան ճանապարհը և հայտնվել Գոայում: Մյուս բոլոր իրավիճակներում այցելուները կարողանում են լիարժեք հանգստանալ: Արաբական ափը լավագույն հանգստի գոտիներից մեկն է:

- Գնային առումով համակարգը ճկո՞ւն է: Այսինքն՝ հաշվի առնո՞ւմ եք, թե որ երկրի բնակիչ է զբոսաշրջիկը: Տարբերվո՞ւմ է՝ տեղի բնակիչ է, թե՞, օրինակ՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլն:

- Մեր գները մրցունակ են, այսինքն՝ մենք հարմարվում ենք, մենք ճկուն ենք, աշխատում ենք հաշվի առնել, թե որ երկրի բնակիչներ են, և որքանով զբոսաշրջությունը կզարգանա: Մենք ակնկալում ենք, որ ընտանիքներով գան հանգստի: Հյուրանոցը հնարավորություն ունի մոտ 300-350 հոգի միաժամանակ տեղավորել և սպասարկել: Բացի ծովային հանգստից, կա առանձնացված հանգստի բաժին, որն զբաղվում է էքսկուրսիոն ծրագրերով: Այսինքն՝ հյուրերը հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Գոայի մյուս տեսարժան վայրերին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia