Search

Հնդկաստան՝ հակադրությունների երկիր


Հնդկաստան մեկնելուց առաջ բազմաթիվ կարծիքներ էի լսել՝ դրական և բացասական, բազմանշանակ հայացքներ, որոնք պետք է օգնեին հասկանալ, թե արժե այդ երկիր ոտք դնել, հետաքրքիր կլինի, թե՞.....

Հայաստանից ինքնաթիռն ուղևորվեց Շարժա (Air Arabia-ն էր ապահովում թռիչքը), որտեղ մեր խումբն ինը ժամ պետք է սպասեր հաջորդ թռիչքն իրականացնելու համար: Տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ էինք՝ լրագրողներ, հանրային կապերի (PR) մասնագետներ, իրավաբաններ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ինը ժամը հնարավորություն տվեց փոքրիշատե ծանոթանալ միմյանց հետ, հասկանալ Ճանապարհիդ ընկերն ով է:

Շարժայից Ջայպուր մեկնող ինքնաթիռը բազմամարդ էր, նրանց մեջ մենք տարբերվում էինք ու հայտնվեցինք բոլորի ուշադրության կենտրոնում: Մեզ ուղեկցող Մարինե Պապյանը կարճ ներկայացրեց, որ այս մարդիկ արտագնա աշխատանքի մեկնածներն են, որոնց մեծ մասը չխնամված, չլողացած ու կանոններին չհետևող էին: Մշակութային տարբերությունն արդեն ակնառու էր, մենք քիչ-քիչ հայտնվում ենք հնդկաստանյան իրականության մեջ:

Ջայպուրում մեզ դիմավորեց Ռաջը, ով մեզ հետ պետք է լիներ տասը օր, ում միանգամից խումբն սկսեց Հրաչ անվանել: Ռաջը բարևեց հնդկական ձևով՝ Հնդկաստանում ընդունված չեն ձեռքսեղմումները: Դրա փոխարեն հնդկացիներն օգտագործում են հատուկ ժեստեր` երկու ձեռքերն իրար միացած բարձրացնում են ծնոտի մոտ, ինչպես աղոթելիս, և խոնարհվում են «նամաստե» ասելով: Այդ կերպ նրանք բարևում են նաև իրենց հյուրերին: Ռաջը մեզ տեղեկացրեց, որ տղամարդիկ միմյանց բարևում են նաև ձեռքով: Դա ընկերասիրության նշան է: Հնդկացի կանանց մոտ ընդունված չէ ազատ կյանքը և տղամարդկանց հետ անմիջական շփումը, ուստի այլազգիները պետք է իմանան, որ չի կարելի կնոջ ձեռքը սեղմել կամ ձեռքը դնել կնոջ ուսին: Հնդկացիների անունը կազմված է իրենց անունից, հոր անունից, ազգի, որին նա պատկանում է և տարածքի անունից, որտեղ նա ապրում է: Իսկ ազգանունները նշանակություն չունեն:

Առաջինը, որ արձանագրեցի Ջայպուրում, որ քաղաքի գույները շատ նման են Երևանին, հենց այդ պատճառով էլ համարվում է վարդագույն քաղաք: Ջայպուրը Ռաջաստան նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը հասնում է մեկ միլիոնի, համարվում է տնտեսական, մշակութային ու տուրիզմի կենտրոն է, ինչպես նաև՝ առևտրատրանսպորտային հանգույց։ Կան բամբակե գործվածքների, կաշվի-կոշիկի, խեցեգործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։ Ունի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջայպուրը հիմնադրվել է 1728 թվականին։ Շրջափակված է պատերով, երկրի կողմերով դիրքորոշված փողոցներով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (18 դար), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ, Չանդրա Մահալ պալատը, Ջանթար Մանթար աստղադիտարանը և Հավա-Մահալ պալատը («Հողմերի կամ քամիների պալատ», 1751-1768)։ Քաղաքի պարսպապատերից դուրս՝ դեպի հարավային, Ջայպուրի նոր մասն է (19 դ․ կես 20 դար)։ Հետաքրքիր էր այցելությունը Ամբեր ամրոց, որտեղ պետք է հասնեինք փղերով. ամբողջ ճանապարհը վախի, սպասման նման է, որովհետև թվում է, թե այդ բարձրունքից ցած ես ընկնելու, բայց շուտով հրաշք է տեղի ունենում, ինտեգրվում ես տարբեր ազգերի այցելուներին ու փորձում ընկալել, հնագույն ամրոցի գեղեցիկ տեսարանները: Մինչ այդ բնակավայրին հատուկ առևտրային տրամադրությամբ տարբեր տեղերում կանգնած սիրողական լուսանկարիչներ արձանագրում են քո ընթացք, հետո արդեն պետք է լույս ընծայված լուսանկարները վաճառեն վերադարձի ճանապարհին: Ու դու պետք է սակարկես, գինը նվազեցնես ու անհավանական գնով ձեռք բերես այդ լուսանկարները:

Ջայպուր քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Ջալ-Մահալի պալատը զարմացնում է ճարտարապետական դիրքով. այն կանգնած է Ման Սագար լճի մեջտեղում և մի ժամանակ համարվել է թագավորական ընտանիքի ամառային հանգստավայրը: Պալատը կարծես հսկայական սառցակտոր լինի, որ անշարժ կանգնած է ջրի վրա: Նրբաճաշակ պատշգամբերն ու կամարաձև կտուրները հնդկա-մահմեդական ճարտարապետական ոճի վառ օրինակ են: Ջալ-Մահալ հնարավոր է հասնել միայն նավակով, սակայն հյուրերին դա չի թույլատրվում: Նրանք բավարարվում են միայն փղի վրա նստած լճի շուրջ կատարած զբոսանքով: Ջայպուրում տեղի է ունենում փղերի հայտնի փառատոնը….

Շարունակելի (մաս առաջին):

Աստղիկ Ավետիսյան

Երևան-Շարժա-Ջայպուր

Լուսանկարները՝ Anews.am

#Հնդկաստան #զբոսաշրջություն #մշակույթ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia