Search

ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է շփման գծում իրավիճակի սրմամբ



Ապրիլի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները: Դեսպան Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում իրավիճակի սրմամբ, և ցավակցություն հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Զրուցակիցները շեշտեցին հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia