Search

Բողոքի ակցիա Չեխիայում



Ապրիլի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակում հարյուրավոր չեխահայեր բողոքի երթ են անցկացրել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ։ Ցուցարարները հանդես են եկել «ԵԱՀԿ, դադարեցրու Ադրբեջանի ոտնձգությունները», «Մինսկի խումբ՝ դու պարտավոր ես կանգնեցնել Ալիևի ագրեսիան», «Ռուսաստան և Իսրայել՝ դադարեցրեք սպառազինության վաճառքը Ադրբեջանին», «Պաշտպանեք մեր՝ կյանքի և ինքնորոշման իրավունքները», «Ադրբեջան՝ ձեռքերդ հեռու Արցախից», «#NKpeace, #KarabakhNow» և այլ կարգախոսների ներքո։ Հնչել են հայրենասիրական երգեր և տեղեկատվական թռուցիկներ բաժանվել Պրահայի երկու հազարից ավելի բնակիչների և այցելուների։

Պրահայի քաղաքապետարանի կողմից արտոնված չեխահայերի խաղաղ ակցիան անցել է առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեխիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու պահանջով։

Բողոքի ակցիան անց է կացվել Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտե»-ի նախաձեռնությամբ (որում ներկայացված է ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, չեխահայ գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները և հոգևոր հովիվը)։ Ակտիվ մասնակցություն են բերել «ԱրմՊրահա» ուսանողական/երիտասարդական կազմակերպության անդամները։ Ցույցին մասնակցել է 200-250 հոգի։ Ակնկալվում էր, որ մասնակցությունն ավելի բարձր կլինի, բայց խանգարել է հորդառատ անձրևը՝ կազմակերպիչները նույնիսկ ստիպվաց են եղել կես ժամով հետաձգել ակցիան։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia