top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիան առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռադարներ և ՀՕՊ համակարգեր կմատակարարի․ Մակրոն


Ֆրանսիան առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռադարներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի։ Այս մասին France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա չի հստակեցրել, թե ինչ տեսակի զենիթային հրթիռներ եւ քանիսը կմատակարարվի։

«Սա ցամաքային, ծովային, օդային եւ անօդաչու սարքերի հարվածների նոր փուլ է հիմնական ենթակառուցվածքներին եւ քաղաքացիական բնակչությանը»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին ռադարներ եւ հակաօդային հրթիռներ կմատակարարվեն՝ «երկիրը անօդաչու թռչող սարքերից եւ հրթիռների հարվածներից պաշտպանելու համար»։

Ավելի վաղ Փարիզն արդեն Ուկրաինային մատակարարել էր զենիթային Mistral հրթիռներ։ Այս խնդրին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Փարիզը կտրամադրի Crotale՝ կարճ հեռահարության զենիթային հրթիռներ, որոնք օգտագործվում են ցածր թռչող հրթիռներն ու ինքնաթիռները խոցելու համար, հաղորդում է Reuters-ը:

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որի նպատակը Ֆրանսիային մեղմորեն մղելն է, որ ցույց տա իր աջակցությունը զենքի առաքման միջոցով այն բանից հետո, երբ բազմիցս քննադատություններ են հնչել, որ Փարիզը բավականաչափ օգնություն չի ցուցաբերում:

«Մենք չենք կարող մատակարարել այնքան, որքան խնդրում են ուկրաինացիները, քանի որ մենք պետք է մի փոքր պահենք մեր արեւելյան թեւը պաշտպանելու համար: Մենք պաշտպանում ենք մեր ազգային տարածքը»,- ասել է Մակրոնը։ Նա կրկնել է, որ պայմանավորվել է Դանիայի հետ՝ իր պատվիրած վեց Caesars հաուբիցներն Ուկրաինա ուղղելու համար։ Դիվանագետների խոսքով՝ այս գործարքի տեխնիկական մանրամասները դեռ չեն հաստատվել։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուժեղացնում է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւին՝ ավելի շատ տանկեր՝ Ռումինիա, Rafale կործանիչներ՝ Լիտվա եւ հետեւակ՝ Էստոնիա ուղարկելով:

Մակրոնի խոսքերով, ինչ-որ պահի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների միջոցով կարգավորում կլինի, բայց դա պետք է լինի Կիեւի պայմաններով։ «Մենք պատրաստվում ենք ձմեռը անցկացնել պատերազմի այս համատեքստում»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կշարունակի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

0 comments

Comments


bottom of page