Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնում է Թուրքիա, որպեսզի քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան մեկնում է Թուրքիա, որպեսզի համոզի Անկարային չդառնալ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու հարթակ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ թուրքական բիզնեսը պատժամիջոցների վտանգի տակ է, հաղորդում է Reuters-ը: «Եվրոպան պատժամիջոցներ է կիրառել, Միացյալ Նահանգները, այլ դաշնակիցներ եւ գործընկերներ՝ նույնպես, բայց մյուսները, ինչպիսին Թուրքիան է, պատժամիջոցների քաղաքականություն չեն որդեգրել»,- Թուրքիա երկօրյա այցից առաջ RTL ռադիոյին ասել է Քեթրին Կոլոննան: «Կարեւոր է, որ այդ երկրները հարթակ չծառայեն պատժամիջոցները շրջանցելու համար»։ Թուրքական ընկերությունները ձեռք են բերել կամ փորձել են գնել ռուսական ակտիվներ արեւմտյան գործընկերներից, սակայն որոշները մեծ ակտիվներ ունեն Ռուսաստանում: Անկարան հայտարարել է, որ արեւմտյան պատժամիջոցները Թուրքիայում հնարավոր չէ շրջանցել։ Սակայն օգոստոսի վերջին ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նամակ է ուղարկել թուրքական իշխանություններին՝ նախազգուշացնելով պատժամիջոցների հնարավոր ռիսկի մասին, եթե թուրքական ընկերությունները հարաբերություններ հաստատեն պատժամիջոցների տակ գտնվող ռուսական իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ: Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ թուրքական ընկերությունների եւ մասնավոր անձանց համար Ռուսաստանի հետ աշխատելու «գայթակղություններ» կան, եւ Կոլոննան կքննարկի հարցը՝ նման դինամիկ աճը կանխելու համար: ԵՄ-ն չունի այնպիսի մեխանիզմ, որ կարողանա պատժամիջոցներ կիրառել պատժամիջոցները շրջանցող կոնկրետ կազմակերպությունների նկատմամբ, սակայն դիվանագետն ասել է, որ եթե դա դառնա մեծ խնդիր, ԵՄ-ն կարող է ուսումնասիրել այն: «Այս ճանապարհով գնալուց առաջ առաջին քայլը երաշխավորելն է, որ մեր հիմնական գործընկերները, ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցները եւ այն երկիրը, որը հավակնում է լինել ԵՄ թեկնածու, չմտնեն պատժամիջոցները շրջանցելու տրամաբանության մեջ»,- ասել է դիվանագետը։
Comments