Ֆրանսիայի ԱԳՆ-ը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան պատասխանել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելի նամակին եւ մեկնաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Անն Լոուրենս Փեթելը։ Կոլոննան նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր Խաչը ԼՂ մուտքի հասանելիություն է ստացել։ «Լիովին կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի շրջափակումն անընդունելի է եւ լի է ծանր հումանիտար հետեւանքներով ԼՂ բնակչության համար: Ֆրանսիան կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները եւ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որով երաշխավորվում է մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես հայտնի է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ ԵՄ, ո՛չ ՄԱԿ։ Մենք պետք է արձանագրենք, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում ապահովել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ․ ՀՀ կառավարության խնդրանքով հարցը ներառել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այդ նիստին հաջորդել է ԱԽ արտահերթ նիստը՝ բաց կազմով, Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ինչը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով տեղաշարժի եւ մարդասիրական կազմակերպությունների՝ ԼՂ հասանելիության շտապ վերականգնման մասին»,-ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների եւ բոլոր կողմերի հետ՝ հարցը շուտափույթ լուծելու համար։ Նա նաեւ հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների մշտական առաքելությանը կարգավիճակ տալու համար։ Նրա խոսքով՝ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը եւ հանդես է եկել որպես վստահության ամրապնդման կարեւոր միջոց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող բանակցություններին աջակցելու համար: «Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում մեկնարկել է գնահատման եւ պլանավորման ժամանակավոր առաքելությունը։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների արագ տեղակայմանը, որը կսկսվի ԵՄ 27 անդամների կողմից մանդատի հաստատումից հետո: Հավատարիմ մնալով իր արժեքներին, միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է անխոնջ աշխատել, ինչպես դա արել է ավելի քան երեք տասնամյակ՝ հանուն Կովկասում արդար եւ հարատեւ խաղաղության, խաղաղություն, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Comments