Search

Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է․ Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց թեստ անել, եւ այդ պատճառով են դեպքերը շատ եղել։

Վարչապետը արձանագրեց, որ երեկ եղել են տեղեկություններ, թե հիվանդներից 2-ի վիճակը ծանր է, բայց Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են եւ բուժվելու են։ Փաշինյանը փաստեց, որ թոքաբորբ տանող մեր մի հայրենակցի ջերմությունն այսօր առավոտյան 36,8 է եղել, մյուսինը՝ 37։ «Մյուս մեր հիվանդները կա՛մ չունեն ջերմություն, կա՛մ շատ ցածր է»,- ասաց վարչապետը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ պետք է կարեւորենք մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ սոցիալական պատասխանատվությունը։

Նա կարեւորեց նաեւ, որ քանի դեռ կա հնարավորություն, պետք է հետեւել դեպքերին. մեկուսացնել հիվանդներին, այն անձանց, որոնք շփում են ունեցել հիվանդի հետ։

«Հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր չունեն բուժման կարիք։ Մեր առաջին դեպքն առանց դեղ ընդունելու 14 օր հետո բուժվեց։ Ինչքանո՞վ է նպատակահարմար որեւէ բուժման կարիք չունեցող մարդկանց պահել հիվանդանոցում։ Մենք պետք է մտածենք, որ այդ նույն մարդը նույն հաջողությամբ կարող էր իր տանն ապրել՝ այն պայմանով, որ 14 օրվա ընթացքում այլ մարդկանց հետ կա՛մ չշփվեր, կա՛մ սահմանափակում ունենար»,- ասաց վարչապետը՝ հավատացնելով, որ կորոնավիրուսն իրականում այդքան էլ սարսափելի չէ, ինչքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող կամ խռոնիկ հիվանդություն չունեցող անձանց։

Խոսելով սպիրտի գնի անհամեմատ աճի մասին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ դա կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետեւ փոխվել է սպիրտի նվազագույն գինը. ե՛ւ կորոնավիրուսից առաջ, ե՛ւ հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ինձ ասել են նաեւ, որ ալկոգելերի գնային փոփոխություն չի եղել, տեղի է ունենում գնային փոփոխություն պարենային ապրանքների՝ հնդկաձավար, ոսպ եւ այլն։ Սա էլ կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային եւ ճգնաժամային գնումներ են իրականացնում»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով չանել նմանատիպ գնումներ, որովհետեւ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն չունեն։

«Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների առեւտուրն աճել է 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առեւտուրը, ընդհակառակը, նվազել է։ Կոչ եմ անում չմոռանալ փոքր եւ միջին բիզնեսի մասին։ Ես հասկանում եմ, որ շատ ավելի հարմար է սուպերմարկետներից գնումներ անելը, բայց այսօր բազմաթիվ ապրանքներ են կուտակված փոքր եւ միջին կրպակներում»,- հայտարարեց նա։

Ըստ վարչապետի՝ ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, ՀՀ-ի ֆինանսական համակարգը շատ ուժեղ է, մանավանդ անցած տարվանից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, Կենտրոնական բանկն էլ աննախադեպ ծավալի արտարժույթ է գնել։

«Ես երեկ էլ ասացի, որ տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ, մենք պետք է ոչ թե տնտեսությանը նպաստ տանք, այլ պետք է ամեն ծախսվող կոպեկի հիմքում դնենք զարգացման ծրագիր։ Մենք կուտակել ենք մեծ պոտենցիալ՝ տնտեսական հեղափոխություն 0-ից սկսելու համար, եւ այդ պոտենցիալը, իհարկե, կօգտագործվի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մենք այս իրավիճակից դուրս կգանք ավելի ուժեղացած։

Ըստ նրա, սակայն, միակ նրբությունն այն է, որ պետք է կայացնել ինֆորմացված, քննարկված եւ ռազմավարական խորություն ունեցող որոշումներ։

Փաշինյանը նկատեց, որ բոլորս ենք անհանգստացած, բայց փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է եւ կարող է լինել նաեւ երկարաժամկետ։ «Սա զրոյական կետ է, որի վրա պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն՝ սկսած սոցիալական պատասխանատվության մեր ընկալումներից, վերջացրած մեր առօրյա սովորույթներով, օնլայն ծառայություններից օգտվելու կուլտուրայով։ Ես համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, կենսունակ, գրագետ»,- եզրափակեց վարչապետը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia