Search

Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ


1․ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի՝ օրերս ստացած վիրավորման մասին, ինչից կարճ ժամանակ հետո ադրբեջանական մամուլում կեղծ տեղեկատվություն տարածվեց, թե վերջինս զոհվել է։

Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց տարածվող տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

2. Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվակայքերում տարածվում էր Հայաստանի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը՝ որպես նոր հայտարարություն։ Ուղերձն իրականում հղվել էր դեռևս սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձարզերծած պատերազմի առաջին օրը։

3․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնեց, որ վերջին շրջանում ադրբեջանական աղբյուրների կողմից youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Ըստ գործակալության՝ սա վկայում է, որ հակառակորդը կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տներում, խանութներում և այլ վայրերում տեղադրված այն տեսախցիկներին, որոնք միացված են համացանցին և բավականաչափ պաշտպանված չեն։

Հարկ է նշել, որ նման տեսախցիկներ կիրառելու պարագայում պետք է ձեռնարկել պաշտպանության համապատասխան միջոցառումներ․  օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ կամ դիմել համապատասխան մասնագետների։

4․ Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ զինվորները Տավուշի մարզի անտառներում ծառ են հատել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ ՀՀ քնչական կոմիտեն հայտնում է, որ նշված դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում: Քրեական գործի հարուցումը մերժվել է։

5. ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ:

6. Օրերս համացանցում տարածված տեսանյութը, որում իբրև հայերենին վարժ տիրապետող ադրբեջանցի զինվորական էր գերևարվել, խեղաթյուրված էր ներկայացվել։ Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։

«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

7․ FIP.am-ը հանդես էր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 25-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի վերլուծությամբ և անդրադարձել վերջինիս իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններին։ Ապատեղեկատվությունները վերաբերում էին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, տեղահանված ադրբեջանցիների թվաքանակին, Արցախա-ադրբեջանական պատերազմում Թուրքիայի ներգրավվածույթյանը և հայերի կողմից նավթային ենթակառուցվածքների «թիրախավորմանը»։

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: