Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի նպաստում խաղաղությանը Կովկասում. Իրանի ԱԳՆ
- Anews
- Oct 31, 2022
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը կովկասյան վեճի կարգավորման ճիշտ ճանապարհ է համարում «3+3» ձեւաչափով հանդիպումները եւ տարածաշրջանային մեխանիզմը, տեղեկացրել է Mehr-ը։ Հեռախոսազրույցի ժամանակ Ամիր Աբդոլահիանը Բայրամովին հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես միշտ, ջանքերն ուղղում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի լուծմանը դիվանագիտական եւ տարածաշրջանային ուղիներով։ Ամիր Աբդոլահիանը նշել է իրանա-ադրբեջանական լավ հարաբերությունների մասին՝ հավաստիացնելով, որ Աստանայում վերջերս երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ համաձայնություն է հայտնվել, որ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ադրբեջանինը։ «Մենք միշտ համարել ենք, որ օտարերկրյա տերությունների ներկայությունը տարածաշրջանում էլ ավելի է բարդացնում վեճերը, դրա համար էլ մենք դեմ ենք նրանց ներկայությանը»,- ավելացրել է Իրանի արտգործնախարարը։ Իրանցի դիվանագետը նաեւ հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսականորեն կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, եւ Իրանը Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը եւ դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, ինչը սպառնալիքի տակ է դնում խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ ամուր տարածաշրջանային համագործակցությունը։ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ամիր Աբդոլահիանին այն բանի համար, որ նա մասնրամասն ներկայացրել է իր բանակցությունների արդյունքները Հայաստանի պաշտոնական անձանց հետ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ։ Բայրամովը հայտարարել է, որ նույնպես դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Նա իր երկրի համաձայնությունն է հայտնել տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու հարցում, ներառյալ «3+3» ձեւաչափով հանդիպումները։
Comments