Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա
- Anews
- Nov 5, 2022
- 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա։ Պեկինում Շոլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նշել է, որ Շոլցի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու երկրները նշում են ավելի քան 50 տարվա դիվանագիտական հարաբերությունները։ «Ներկայումս միջազգային իրավիճակը բարդ եւ փոփոխական է», - Սի Ծինփինի խոսքը մեջբերում է CCTV պետական հեռուստաալիքը: «Որպես ազդեցիկ տերություններ՝ Չինաստանը եւ Գերմանիան, պետք է միասին աշխատեն փոփոխությունների եւ քաոսի ժամանակներում, որպեսզի մեծ ներդրում ունենան խաղաղության եւ աշխարհի զարգացման գործում»: Նա նշել է, որ «Չինաստանն աջակցում է Գերմանիային եւ ԵՄ-ին խաղաղ բանակցությունների առաջընթացի եւ եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգի կառուցման գործում կարեւոր դեր ունենալու համար։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անի դրսեւորել ողջամտություն եւ զսպվածություն, հնարավորինս շուտ հաստատել ուղիղ կապեր եւ պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման համար եւ համատեղ հակազդել միջուկային զենքի կիրառմանը կամ սպառնալիքին»,-ասել է Սի Ծինփինը։ Շոլցն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի պատերազմը հիմնովին փոխել է պարենի և էներգիայի ռեսուրսների համաշխարհային շուկաները։ «Մասնավորապես, ես ուզում եմ առանձնացնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում կանոնների վրա հիմնված մեր աշխարհակարգի համար»,- նշել է նա։ Նա նշել է, որ ինքը Չինաստանի ղեկավարին ասել է, որ «Չինաստանի համար կարեւոր է ազդել Ռուսաստանի վրա»։ «Նախագահ Սին եւ ես համաձայն ենք, որ միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են եւ շատ վտանգավոր։ Միջուկային զենք կիրառելով՝ Ռուսաստանը կանցնի սահմանագիծը»,- ասել է նա։
Comments