Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը. դատարանը հետաձգեց միջնորդության լո
- Anews
- Oct 18, 2022
- 2 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը եւ դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Ըստ պաշտպան Արամ Օրբելյանի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել, այսինքն՝ ուժը կորցրած է ճանաչվել այն ՀՀ քրեական օրենսգիրքը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, եւ որի հիման վրա էլ կազմվել է մեղադրական եզրակացությունը։ Օրբելյանի խոսքով՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Ցանկացած քրեական գործի հիմքը մեղադրանքն է, որն առաջադրվում է կոնկրետ ֆիզիկական անձին եւ ամրագրված է մեղադրական եզրակացությունում։ Որպեսզի դատավարական փաստաթուղթը համարվի մեղադրանք, այն պետք է պարունակի անձին վերագրվող արարքի թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքը։ Ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականի ՀՀ ՔՕ-ն, ինչի արդյունքում այն հոդվածը, որում վկայակոչված է Ռոբերտ Քոչարյանի առաջադրված մեղադրանքում, այլեւս չունի իրավաբանական ուժ։ Մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործի քննությունը չի կարող շարունակվել, հետեւաբար այն ենթակա է կարճման»,- նշեց Օրբելյանը։ Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցն իրենից իրավական վեճ է ներկայացնում. «Ընդհանրապես ուժը կորցրած օրենքը կարո՞ղ է կիրառվել, ըստ էության Հայաստանում տարածքում այդ օրենքն այլեւս ուժ չունի։ Եթե այդ օրենքը որոշակի վերապահումներով հնարավոր է կիրառել ինչ-որ իրավիճակներում, ուրեմն քննարկենք նաեւ մյուս փաստարկները։ Այդ օրենքը Հայաստանի տարածքում այլեւս չի գործում, չկա։ Ըստ էության այստեղ այդ օրենքը կիրառվում է, ծանուցագրի մեջ նշվում է, մեղադրական եզրակացության մեջ գրված է, որ պարոն Քոչարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»։ Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման. «Միայն այն հանգամանքը, որ պաշտպանության կողմի փաստարկներից բխում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին պետք է բոլոր քրեական գործերը կարճվեին եւ պատիժ կրող բոլոր անձինք պետք է ազատվեին քրեական պատասխանատվությունից, նշանակում է, որ այդ մեկնաբանությունը ճիշտ չի կարող լինել»։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել եւ դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատավճիռ կայացնելիս։
Comentários