Search

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ, որը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։ Հանդիպմանը մասնակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի, «Վալեքս Գրուպ» , «Թեղուտ» ՓԲ , «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, էկոնոմիկայի, շրջական միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից։ «Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, դա, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո»,- նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը՝  շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար։ Հանդիպմանը քննարկվել է ծրագրի վերաբերյալ վերլուծության անցկացման ձևաչափի և այդ աշխատանքներում պետության և մասնավոր ընկերությունների մասնակցության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունները երկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնեն իրենց կողմից դիտարկվող խնդիրների և ռիսկերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրենց դիրքորոշումը լրացուցիչ ուսումնասիրություններ պատվիրելու պատրաստակամության և հնարավորությունների վերաբերյալ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia