Search

Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչի դեմ քրգործ է հարուցվել


Վերջին շրջանում թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»:

Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:

Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։

Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։

Նա նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։

«Այդպես եմ պատասխանել, քանի որ նա նսեմացրել էր մեր արժեքները»,-ասել է նա։

Օվյուչը պնդել է, որ իր հրապարակումը չի վերաբերում Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին և հավելել, որ ինքը 5-6 տարի է իր երկրի հայ քաղաքացիներին և հայկական կազմակերպություններին «օգնություն է տրամադրում»։

Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia