Search

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է


Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանն ու «Եվրոպադոննա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Նվարդ Քոչարյանը ներկայացրել են ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը: Բանախոսները նշել են, որ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն առիթ է հիվանդության վերաբերյալ կրկին խոսելու` անդրադառնալով դրա կանխարգելման, հայտնաբերման և բուժման հարցերին, նաև այն քայլերին, որոնք միտված են այս հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի կրճատմանը, հիվանդներին մատուցվող ծառայությունների հասանելիությանն ու բարելավմանը: 2019-2021 թվականների քարոզարշավի թեման է. «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ` հակադրվելով բացասական վերաբերմունքին ու ֆատալիստական համոզմունքին: Հայկուհի Գյոկչյանն ընդգծել է, որ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, քաղցկեղի խնդիրը հրատապ լուծում պահանջող հանրային առողջության մարտահրավերներից է: Ուստի, Հայաստանում տարին հայտարարվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի տարի»: 2018 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է ավելի քան 80%: Ընդ որում, մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, կազմելով 55.2%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները (ՉՆ)` 20.2%, շաքարային դիաբետը (ՇԴ)` 2.2% և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕԲ)` 1.5%: Առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ (0-65 տարեկան հասակում) մահացությունը կազմում է շուրջ 20%: ԱՀԿ տվյալների համաձայն` 2018-ին աշխարհում տարեկան արձանագրվել է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Յուրաքանչուր 6-րդի մահը պայմանավորված է ՉՆ-ով: ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ` համապատասխան կանխարգելիչ, բուժմանն ու ախտորոշմանն ուղղված միջոցառումների ոչ լիարժեք իրականացման դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերի թիվը` 17 մլն: 2018 թվականին Հայաստանում գրանցվել է ՉՆ հիվանդացության 8441 դեպք: Վերջին երեսուն տարվա ընթացքում (1990թ.` 5162, 2017թ.` 8389) հիվանդացությունն աճել է 1.6 անգամ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի, ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանաց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի ՉՆ : Քաղցկեղի վաղ հայտնաբերման ու բուժման համատեքստում ԱՆ խորհրդատուն կարևորել է առողջ ապրելակերպը, վատ սովորույթներից հրաժարվելը, պատվաստումները, սքրինինգային ծրագրերը: Նա ընդգծել է, որ ավելի լավ է կանխարգելել, քան հետո հիվանդ մարդուն բուժել: «2015-ից իրականացնում ենք արգանդի վզիկի սքրինինգային ծրագիր՝ ՊԱՊ թեստի կիրառում: Այս տարի կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր կիրականացվի Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի կանանց համար, նաև առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը, որը կիրականացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և «Բեռլին» պոլիկլինիկաներում», - նշել է Հայկուհի Գյոկչյանը: Նարեկ Մանուկյանը ներկայացրել է 2019 թվականին ոլորտում մեկնարկած ծրագրերը` շեշտելով, որ առողջապահության նախարարությունը կարևորում է չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը Հայաստանում: Մասնավորապես` հունվարից չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար։ Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից: Հայկուհի Գյոկչյանը հավելել է, որ մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը: Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Հիշեցնենք, որ 2019 թվականին ձեռք է բերվել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Այս տարի նախատեսվում է 25 անվանում ուռուցքաբանական դեղեր ձեռք բերել, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին: Ի դեպ, մեր երկրում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250 ախտորոշված դեպք։ Տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում է միջինում 100 կին: ԱՀԿ պաշտոնական դիրքորոշման համաձայն` արգանդի վզիկի քաղցկեղի արդյունավետ կանխարգելման նպատակով առաջարկվում է համապարփակ մոտեցում՝ պատվաստումային և սկրինինգային ծրագրերի համատեղ իրականացում, որի շնորհիվ է միայն հնարավոր վերահսկել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացությունը և մահացությունը: Նշենք, որ պատվաստումներով կանխվում է վարակվածությունը (առաջնային կանխարգելում), իսկ սկրինինգները նպաստում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և ժամանակին բուժմանը: Այնուհետև, օրվա խորհրդով ցուցահանդես է կազմակերպվել Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, որին ներկա են գտնվել ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, ուռուցքաբանության ոլորտի պատասխանատուները:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia