Search

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայր՝ Թբիլիսի):

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է բարեկամ Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու էստոնիայի բարեփոխումները համարում օրինակելի նաև մեր երկրի համար: Օգտվելով առիթից՝ փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հղել Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջինը վավերացնելու համար: Անդրադառնալով ՀԸԳՀ-ին՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համաձայնագիրը բարեփոխումների օրակարգ է Կառավարության համար, որի հիման վրա նաև մշակվում են առանձին ենթակառուցվածքային ռազմավարությունները: Փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ սպասվում են բարեփոխումներ, ինչպես նաև անդրադարձել Կառավարության կառուցվածքի փոփոխություններին և դրանց բովանդակությանը:

Դեսպան Կաի Կաարելսոնը փոխվարչապետին հայտնել է էստոնական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը՝ առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել թվայնացման գործընթացի կարևորության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարում դրա դերի և հանրային կառավարման բարեփոխումների առանցքային կետերի շուրջ: Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առևտրի ուղղություններով համագործակցության զարգացման առկա ներուժի իրացման կարևորությունը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia