top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանն ինքն է քայլ արել Հայաստանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ. Շավարշ Քոչարյան


Արցախի ինքնորոշումից հրաժարվելը Հայաստանին ավտոմատ կերպով «ագրեսորի» պիտակ կհաղորդի։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Անդրադարձ կատարելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հասկացությունների ծագմանը՝ նախկին փոխնախարարը փաստեց, որ հակառակ տարածված կարծիքի ՝ այդ հասկացությունները չեն հակասում միմյանց։ Քոչարյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը երկու տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն։ «Ադրբեջանը դիմել է կոտորածի, տեղահանության եւ լայնածավալ ագրեսիայի։ Դա «տարածքային վեճի» վերածելու փորձերը Հայաստանին չափազանց բարդ դրության մեջ է դնում։ Եթե Հայաստանն իջեցնում է նշաձողը, հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, ինքնաբերաբար դառնում է ագրեսոր։ Ինչի դա կարող է հանգեցնել։ Ագրեսորը պետք է պատժվի։ Միջազգային պրակտիկայում դա ագրեսորի բնակչության վտարումն է, ընդ որում ՝ ինչպես օկուպացված տարածքներից։ Տիպիկ օրինակ՝ Գերմանիա, 12-14 միլիոն գերմանացիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով տեղահանվեցին Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Հարավսլավիայից, Ռումինիայից։ Չեխոսլովակիան, Լիտվան, Լեհաստանը տարածքներ են ստացել։ Լեհաստանը փոխհատուցումների մի մասի հաշվին տարածքներ է ստացել։ Հոլանդիան նույնպես տարածքներ է ստացել, սակայն Գերմանիան հետագայում դրանք գնել է»,-նշեց Շավարշ Քոչարյանը։ Ապա՝ ռեպարացիա, այսինքն՝ հասցված վնասի փոխհատուցում։ Առաջին անգամ այն կիրառվել է Առաջին աշխարհամարտից հետո։ Գերիների հարկադիր աշխատանք, որը գործանականում կիրառվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ գերի գերմանացիները հարկադիր աշխատանք էին կատարում։ Նույնիսկ Երեւանում գերի գերմանացիները օբյեկտներ են կառուցել։ Ռազմական ոլորտում սահմանափակումներ, որոնք տարածվում են բանակի, տեխնիկայի վրա։ Ճապոնիան եւ Գերմանիան՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամներ, 1945 թվականից ի վեր այդ պատժամիջոցների տակ են։ Դատավարություն ռազմական հանցագործների նկատմամբ։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Ալիեւի հայտարարություններում, այդ գործընթացի սկիզբն է։ Ինքնորոշումից հրաժարում նշանակում է ագրեսորի պիտակ կախել՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով»,-նշեց Քոչարյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում տարածքները, որոնք թվարկվում են։ Այսինքն, եթե վերադարձնում է, ապա գրավե՞լ էր։ Փաշինյանն ինքն է քայլ արել Հայաստանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ։ Եվ հիմա դա շարունակում է տարբեր ուղղություններով՝ անունը դնելով խաղաղության պայմանագիր, 3+3, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում»,-եզրափակեց նախկին փոխարտգործնախարարը։

0 comments

Comments


bottom of page