Փախուստի դիմած արքայադուստր Հայան ապաստան է փնտրում Ուելսում
Արքայադուստր Հայան, ով Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի խորթ քույրն է, ինչպես նաեւ Դուբայի էմիր Մուհամեդ բն Ռաշիդ ալ Մաքթումի նախկին կինը, ապաստան է խնդրել Ուելսից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Հորդանանի արքայադուստր Հայան, վախեցած իր նախկին ամուսնուց՝ Դուբայի էմիր Մուհամեդ բն Ռաշիդ ալ-Մաքթումից, կանգ է առել Ուելսում, որտեղ նախատեսում է ամառանոց գնել։ Նրա հետ Մեծ Բրիտանիայում են երեխաները՝ 15-ամյա Ալ Ջալիլան եւ 12-ամյա Զայեդը: Արքայադուստր Հայան Դուբայի էմիր Մուհամեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ ամուսնացել է 2004 թվականին՝ դառնալով Շեյխի վեցերորդ եւ ամենաերիտասարդ կինը։ 2007 թվականին զույգը դուստր է ունեցել՝ Ալ Ջալիլան, իսկ 2010 թվականին՝ որդին՝ Զայեդը։ 2019 թվականին արքայադուստր Հայան եւ երեխաները ամուսնուց փախել են Գերմանիա, այնուհետեւ Մեծ Բրիտանիա։ Լրատվամիջոցների համաձայն՝ ամուսինը արքայադստերը կասկածել է դավաճանության հարցում, որից հետո նա սկսել է վախենալ իր կյանքի համար։ Հայտնի է, որ շեյխը կազմակերպել է իր դուստրերի՝ արքայադուստրեր Լատիֆայի եւ Շամսայի առեւանգումը, ովքեր իրենց հորը մեղադրել են բռնության համար եւ փորձել փախչել։ Նրանց վերադարձրել են Դուբայ, որտեղ էլ պահում են`հակառակ իրենց կամքին։ Աղջկա խորթ եղբայրը՝ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը, նրան նշանակել է Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանատան փոխդեսպանի՝ նրա եւ իր երեխաների համար դիվանագիտական անձեռնմխելիություն ապահովելու նպատակով։ 2021 թվականին բրիտանական դատարանը պարտավորեցրել է Մուհամմեդ բն Ռաշիդ ալ Մաքթումին՝ Հայային 730 միլիոն դոլար բարոյական փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ գրեթե 4 միլիոն դոլար՝ Ալ Ջալիլայի եւ Զայեդի կրթության համար, ինչպես նաեւ ավելի քան 12,5 միլիոն դոլար՝ պարտքերի համար: Չափահաս դառնալուց հետո երեխաների խնամքը կկազմի տարեկան 13 միլիոն դոլար։ Մարտին Հայան ստանձնել է երեխաների միանձնյա խնամակալությունը։
Kommentare