Search

Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում իրականացվելու են`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,

2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,

3) ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,

4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ: Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ: Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել բուժօգնության հիշյալ բոլոր տեսակները: Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն: Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության: Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝ ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը`

1) երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,

2) զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ,

3) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

4) զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

5) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ: Մաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի կորցրած մայրերի դեպքում` մինչև 42 տարեկանը: Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ: Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն: Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia