Search

Տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. Դավիթ Տոնոյան


Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և դիրքերի առավելությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զինատեսակներ: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել։ Ունենալով վիրավոր՝ երեկ ադրբեջանցիները ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ»,- հայտնեց Տոնոյանը՝ հավելելով, որ առկա ողջ տեղեկությունը տրամադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, տեղակացված է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ «Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացումների, ոչ պատճաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում»,- ասաց նախարարը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան մարտերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նախարարը հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացքին։ «Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- ասաց Տոնոյանը։ Կառավարության անդամները և պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը

Հիշեցնենք՝ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia