Search

Տարածաշրջանում առաջին Ձնամարտի չեմպիոնների լիգան տեղի է ունեցել Հայաստանում (տեսանյութ)

2020 թվականի փետրվարի 22-ին և 23-ին Ապարանում տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին Ձնամարտի չեմպիոնների լիգան, որը կազակերպել էին Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիան՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի Ձնամարտի ֆեդերացիաների հետ համատեղ։

Միջոցառման հիմնական նպատակն էր ձմեռային այս սպորտաձևը պաշտոնապես Հայաստան բերելը։ չեմպիոնների լիգան բաց էր հանրության համար, և ավելի քան 1000 դիտորդ վայելել են ձմեռային խաղերը այդ երկու օրերի ընթացքում։ Ձնամարտի չեմպիոնների լիգային մասնակցել են 8 թիմ՝ Հայաստանից և արտերկրից։

Ձնամարտի Ֆինլանդիայի ֆեդերացիայի հիմնադիր Արի Պոյլոն ողջունել է բոլոր թիմերին, մաղթել բոլորին արդար մրցակցություն՝ այս իրադարձությունը համարելով խոստումնալից սկիզբ՝ ապագայում ավելի մեծ և ընդարձակ ծրագրեր իրականացնելու համար։

Խաղերի գլխավոր մրցավարներն էին Արի Պոյլոն և Լեո Կորհոնեն Ֆինլանդիայից, Նատալիա Սմիրնովան Ռուսաստանից և Տիգրան Պետրոսյանը Հայաստանից։ Նրանց աջակցել են կողային մրցավարները Հայաստանից։

Մասնակիցները եկել էին Երևանից, Ապարանից, Ենոքավանից, Մուրմանսկից, Արխանգելսկից և Քեմեյարվիից։

Առաջին օրվա ըթացքում բոլոր թիմերը խաղացել են միմյանց դեմ։ Ամենաբարձր միավորներ հավաքած չորս թիմերը անցել են կիսաեզրափակիչ։ Դրանք էին՝ «UParan» թիմը Ապարանից, «Yell Extreme Park» թիմը Ենոքավանից, «UNO» թիմը Մուրմանսկից և «Vityazi» թիմը Արխանգելսկից։

Ռուսական երկու թիմերը՝ «UNO» և «Vityazi» անցել են եզրափակիչ։ Խիստ մրցակցության արդյունքում «Vityazi»-ի թիմը դարձել է Ձնամարտի Չեմպիոնների լիգա 2020-ի հաղթող։

Երկրորդ տեղում է «UNO» թիմը Մուրմանսկից իսկ երրորդ տեղում՝ «UParan» թիմը Ապարանից։

Փակման արարողության ժամանակ ֆեդերացիայի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշել է, որ Ձնամարտի չեմպիոնների լիգա 2021-ը կունենա է՛լ ավելի մեծ մասշտաբներ, և իրենք կհյուրընկալեն է՛լ ավելի շատ միջազգային հյուրեր։



ԱՐՓԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia