Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանել է Երևան
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած շրջանում: Ամենակարեւոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը եւ Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։
ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։
Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։
ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում են մի շարք փաստաթղթերի ստորագրումը, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության եւ բժշկական աջակցության համատեղ ձեւավորմանը, ինչպես նաեւ «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու հարցը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023թ. բյուջեն։
Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023թ. հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։
Comments