Տալլինը սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը
Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար: Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին: Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը: Արձագանքելով Հայաստանի նախագահին՝ Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը:
תגובות